Երիտասարդ դեսպաններին կմիանան սոցիալական ցանցերում ակտիվ գործիչները
Այս շաբաթ Բրյուսելում կկայանա հավաք Եվրոպական միության և իր վեց արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) 100 երիտասարդ եվրոպական դեսպանների մասնակցությամբ՝ նշելու վերջին տասնամյակում Արևելյան գործընկերության (ԱլԳ) ձեռքբերումները: «Երիտասարդները գործընկեր երկրների հետ մեր համագործակցության առանցքում են: «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս լսել ու քննարկել գաղափարներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն տարածաշրջանի երիտասարդների կյանքի վրա», - ասաց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակացությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը: 10-ամյա գործընկերության արդյունքում ավելի քան 30.000 երիտասարդ մասնակցել է «Էրազմուս +»-ի կամավորության, փոխանակման և երիտասարդների շարժունակության ծրագրերին: Ավելի քան 6000 երիտասարդ էլ 2018 թվականից ի վեր օգտվում է EU4Youth նախաձեռնության տրամադրած հնարավորություններից: Արևելյան գործընկերության տարածաշրջանի լուսավոր երիտասարդ ուսանողներն այժմ հնարավորություն ունեն ընդունվել Եվրոպական Միության սահմաններից դուրս գտնվող առաջին Եվրոպական դպրոց, որն իր դռները պաշտոնապես բացել է 2018 թ. սեպտեմբերին՝ Թբիլիսիում: Երիտասարդ եվրոպական դեսպանների խմբին կմիանան նաև սոցիալական ցանցերում ազդեցիկ մի շարք գործիչներ՝ վեց երկրներից: Նրանք բոլորը հանդիպում կունենան Եվրամիության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Արևելյան գործընկերության ձեռքբերումներն ու հետագա նպատակները: Հինգշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, Բրյուսելի ԵՄ թաղամասի սրտում նրանք կմասնակցեն նաև խոշոր ֆլեշմոբի, որում կներկայացվեն ազգային պարեր և տարազներ: Վրացի երիտասարդ եվրոպական դեսպան Գենո Քութաշվիլին հայտարարել է. «Ես կարող եմ համարձակորեն ասել, որ Արևելյան գործընկերությունը լիովին փոխել է իմ կյանքը (ոչ միայն իմ, այլև՝ յուրաքանչյուր վրացու): Այս համատեղ նախաձեռնությունն երբևէ եղած լավագույն նախագիծն է, քանի որ այն ինձ ու իմ երկրին բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Այժմ իմ կյանքի որակն ավելի լավն է, քան 10 տարի առաջ: Մենք ուժեղ ենք միասին»: ԵՄ-ից ու իր արևելյան հարևանությունից մոտ հինգ հարյուր երիտասարդներ ներկայում գործում են որպես «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ): Նշված դեսպաններն իրենց երկրներում պարբերաբար կազմակերպում են տեղական համայնքային միջոցառումներ ու մասնակցում են միջազգային ֆորումների՝ նախաձեռնության մասին իրազեկելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել է EU Neighbours East («ԵՄ Արևելյան հարևանություն») ծրագիրը` ԵՄ կառույցների հետ համագործակցությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ` ի նշանավորումն Արևելյան գործընկերության տարեդարձի: Նախապատմություն. 2009 թվականին մեկնարկելով որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն՝ Արևելյան գործընկերությունը նպատակ ունի խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, նրա անդամ պետությունների ու իր վեց արևելյան հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև: Վերջին տասը տարվա ընթացքում ներդրված համատեղ ջանքերը շոշափելի օգուտներ են ապահովել այդ երկրների քաղաքացիների համար, ներառյալ՝ առևտրի, շարժունակության, տնտեսական աճի ու կյանքի ավելի բարձր որակի ուղղություններում: