Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ է. հացադուլավոր կինոռեժիսոր (տեսանյութ)

Հասարակություն
jbjAeyBBE8k

Կինոարտադրողներ Լաուրա Քլևերն ու Վասիլի Շարկևիչն այսօր կոչ են հրապարակել ի պաշտպանություն 12-րդ օրը հացադուլի մեջ գտնվող հայաստանցի գործընկերոջ՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի: Կոչում, մասնավորապես ասվում է. «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ Հայաստանի կինոկենտրոնի գործողությունները աննախադեպ են համատեղ ֆիլմարտադրության միջազգային պրակտիկայում: Մենք երբեք չենք հանդիպել մի իրավիճակի, երբ կինոյի ազգային կառույցը խոչընդոտում է իր երկրի արտադրողի ֆիլմում միջազգային ներդրումները: Մեր երկրների առաջին համատեղ ֆիլմում ներդրումների կորուստը և խոստումնալից, կիսով չափ իրականացած կինոնախագծի խափանումը անվստահություն է առաջացնում հայաստանյան կինոարտադրության հանդեպ»: Հովհաննես Գալստյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ ու ներկայացրեց, իր խոսքով «դժոխային» ճանապարհ անցած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ճակատագիրը,  ստեղծված իրավիճակը և իր պահանջը։  Դեկտեմբերին, իր առաջին հացադուլի տասներորդ օրը մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն է հանդիպել։ Պայմանավորվել են, որ հարցին շուտափույթ լուծում կտան։ Սակայն չինովնիկական բթամտության պատճառով երաշխիքները մնացել են անկատար և Հովհաննես Գալստյանը փետրվարի երեքից որոշեց վերսկսել հացադուլը:  Որպես խոսքերի ապացույց կինոռեժիսորը  ներկայացրեց հանդիպման ձայնագրությունը։ «12 օրվա ընթացքում գործադիր իշխանությունից նունիսկ մեկ մարդ ինձ չի այցելել։  Օրենսդիրից այցելել են, իսկ գործադիրից ոչ: Մենք կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց ոչ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն»,- ասաց հացադուլավորը: Նրա խոսքով, հացադուլը շարունակելու է և մատենադարանի տարածքը վեր է ածվելու մշակութային գոտու, երաժշտական երեկոներ են լինելու, իսկ թե որևէ բան չփոխվի, հացադուլավորների նոր վրաններ կարող են ավելանալ: Ինչպիսին է ինքնազգացողությունը հացադուլի 12-րդ օրը՝ «Ա1+»-ի հարցին կինոռեժիսորը պատասխանեց, որ սնունդ չօգտագործելը ավելի բարի է դարձնում մարդուն. «Ես ինձ շատ ամուր եմ զգում: Միակ բանն այն է, որ երբեք չեմ ունեցել՝ չեմ կարողանում կառավարել իմ էմոցիաները»: