Ճարտարապետները դեմ են ճարտարապետների պալատին (տեսանյութ)
«2017 թվականին ընդունվել է ճարտարապետության գործունեությունը կարգավորող օրենք, որը շատ բացթողումներ ունի և տանում է ճարտարապետության մոնոպոլիզացիայի»,- կարծում է ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը։ «Սկսած լիցենզիաների տրամադրումից մինչև ճարտարապետ –կառուցապատող, ճարտարապետ -պետություն բոլոր գործառույթները այժմ իրականացվելու են Ճարտարապետության պալատի միջոցով։ Երբ օրենքի նախագիծը քննարկվեց ճարտարապետների միությունում, ընդամենը 125 ճարտարապետ էր մասնակցում, որից 80-ն է կողմ եղել, իսկ Հայաստանում կա մոտ 3000 ճարտարապետ։ Մնացածը ոչ կարծիք է հայտնել, ոչ մասնակցություն է ունեցել»։ Մարիամ Խաչատրյանը նշում է, որ նոյեմբեր ամսից մինչ այժմ ոչ մեկին լիցենզիա չի տրամադրվել։ Ըստ որոշման՝ ճարտարապետները լիցենզիա ստանալու համար պետք է մոտ 1 ու կես տարի դասընթացներ անցնեն, որը դժվարություններ է ստեղծում նրանց համար։ Իրավաբան Մարինա Եղիազարյաը նշեց, որ օրենքի և կանոնադրության մեջ հակասություններ կան։ «Եթե օրենք եք ընդունում, ստեղծում եք նոր մարմին, ինչու եք օրենքի հիմնական մեխը տրամադրվում պալատին։ Ճարտարապետների պալատը իրավունք ունի արտոնագրից զրկել, եթե նա 1 տարվա ընթացքում 3 անգամ խախտի էթիկայի կանոնները, իսկ այդ կանոնները ըստ օրենքի մշակել կարող է միայն ճարտարապետների պալատը։ Այսինքն օրենքը սահմանափակում չի դնում թե որ սահմանները չենք կարող հատել»։