Մշակույթի նախարարությունը, ամբիցիաներով զինված, պայքարում է արվեստագետի դեմ. Վահան Արծրունի (տեսանյութ)
Դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը և երաժիշտ, երգահան Վահան Արծրունին այսօր մտահոգութուն ու վրդովմունք հայտնեցին ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլի փաստով: Վիգեն Ստեփանյանի կարծիքով՝ գերմանացի և բուլղարացի պրոդյուսերներն անհետաքրքիր ու անհեռանկար նախագծի համար ֆինանսական միջոցներ չէին տրամադրի: «Հովհաննես Գալստյանը ո՛չ հյուրանոց է կառուցում, ո՛չ էլ օբյեկտ է բացում,- ասում է նա,- կան նախնական պայմանավորվածություններ և պետք է ընդամենը հանդիպել, քննարկել ու ի կատար ածել»։ Վահան Արծրունին համարում է, որ այս դեպքը չի կարելի առանձնացնել ընդհանուր դաշտի խնդիրներից: «Մենք այս պահին դիտարկում ենք վարչարարական կրիզիս, այսինքն ոլորտի պատասխանատուները չեն կարող ղեկավարել ոլորտը: Ոլորտի ղեկավարությունը չի գիտակցում իր տեղը և նշանակությունը, այլ հակադրվում է արվեստագետին: Սա աննորմալ իրավիճակ է: Ոչ մի երկրում նման բան չկա, որովհետև այդ կառույցները կոչված են ոչ թե հակադրվելու, այլ աջակցելու արվեստագետին և ստեղծելու պայմաններ, որպեսզի ազգային մշակույթը կարողանա զարգանա»,- ասում է Արծրունին: Նրա խոսքով՝ կա ոչ թե գիտակցում, այլ հակադրում, այսինքն՝ իշխանական, գերատեսչական օղակը իրեն հակադրում է արվեստագետին և այս մոտեցումը պարզապես բանաձևեց Կոնստանտին Օրբելյանի դեպքում: «Այսինքն ով էլ, որ լինի, ինչ մեծություն էլ որ նա լինի, նա պետք է իրեն գիտակցի որպես ստորադաս, որովհետև վերադասը ես եմ: Կներեք չինովնիկներ, արվեստի մեջ գոյություն ունի հետևյալ տրամաբանությունը՝ առաջինը ստեղծագործողն է, երկրորդը՝ կատարողը, երրորդը արվեստաբանը, որը մեկնաբանում է այդ երկուսի աշխատանքը և չորրորդը միայն չինովնիկը, որը ապահովում է արվեստագետի գործունեությունը, զարգացումն ու հանրահռչակումը: Այնինչ մշակույթի նախարարությունը, ամբիցիաներով զինված, պայքարում է սեփական արվեստագետի դեմ: Ավելի աբսուրդ պատկերացնել հնարավոր չէ»,- զայրույթը հայտնեց Արծրունին: Մանրամասները՝ տեսանյութում։