Մտահոգ են Եկեղեցու նկատմամբ սանձազերծած ոտնձգություններից
Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայտարարություն Սույնով, Հայկական արժեքների պաhպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության համակարգող մարմինն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ սանձազերծած ոտնձգություններին, եւ դրանք ընկալում` որպես ծածուկ եւ հեռահար նպատակներ հետապնդող դատապարտելի արարքներ: Ժողովրդի արդար ցասման արդյունքում իշխանության հասած որոշ պաշտոնյաների կողմից հետզհետե բացահայտվող եկեղեցամերժ, անհեռատես եւ դատապարտելի վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլև արժանի է հակադարձման: Այդ իրավունքը մեզ վերապահված է համաձայն ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Անցած դարերին, աշխարհակալ կայսրություններ են փորձել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, եւ ամեն անգամ դրա նպատակը եղել է մեկը՝ կոտրել հայ ժողովուրդի ինքնության եւ ավանդապահության ողնասյունը: Հայ Առաքելական եկեղեցուն վնասել նրանց չի հաջողվել, ու, վստահ ենք, որ այսօր էլ չի հաջողվելու, սակայն նման անհեռատես եւ անընդունելի վերաբերմունքի արդյունքում խախտվում են մեր նորաստեղծ պետության հիմքերը, նոր սեպ է խրվում մեր հանրության մեջ, նոր հիասթափություններ արմատավորվում մեր ժողովրդի հոգեբանության մեջ: Հասկանալի է, որ այս նյութապաշտ դարաշրջանում դժվար է հետևել հոգևոր արժեքներին, սակայն հենց այդ արժեքներին հետևելու շնորհիվ է, որ այսօր հայ ազգը կա, կանգուն է ու ամուր կանգնած իր հողի վրա։ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Հիշենք, որ անցյալում հոգևոր արժեքներն անտեսելու պատճառով է հայ ազգը միշտ տուժել։ Արդ, կոչ ենք ուղղում.
- Նման նպատակներ ունեցող, խորքում օտար պետությունների, աղանդների կամ չբացահայտված հեռանկարների ծառայող մարդկանց եւ պաշտոնյաներին զգուշանալ նման վարքագծից։
- ՀՀ իշխանություններին՝ պետական պատասխանատու պաշտոններից հեռացնել նմաններին եւ կանչել պատասխանատվության:
- Հայ հասարակությանը եւ հատկապես երիտասարդությանը՝ չտարվել աղանդների, ազգադավ ու արկածախնդիր մարդկանց ու երախտադրույժ պաշտոնյաների նման պահվածքով։