Ուղղորդված ընտրություն Մրգավետում (տեսանյութ)
Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը հարցեր է առաջացրել։ 336 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի ղեկավար ընտրված Լուսինե Արշակյանը կարծում է, որ ընտրությունը ուղղորդված է եղել, չնայած. «Կառավարման խորհրդի ութ անդամների ներկայությամբ եւ մասնակցության, գաղտնի քվեարկությամբ է տեղի ունեցել ընտրությունը: Պահպանվել են օրենքի բոլոր կետերը: Ընթացակարգը իրավաբանորեն եղել է ճշգրիտ։ Չորս թեկնածու է եղել եւ թեկնածու Արեւիկ Թարվերդյանը հինգ անդամների կողմից ընտրվել է դպրոցի տնօրեն»։ Նախկին տնօրեն Վրեժ Զոհրաբյանը թոշակի է անցել։ Ինչպես ասում է Լուսինե Արշակյանը՝ այս պատմությունը ունի նախաբան. «Դեռեւս նոյեմբեր ամսից, երբ ՀՀ պատրաստվում էր ԱԺ ընտրություններին, «ԻՄ քայլ»-ի շտաբը տեղակայված էր տնօրենի թեկնածու Արեւիկ Թարվերդյանի բակում։ «Մեր դպրոցում նոյեմբերի մինչեւ առաջին տասնօրյակը լիազոր մարմինը փոխել է դպրոցի կառավարման խորհրդի կազմը։ Անդամներին փոխել են եւ նոր միայն հայտարարել տնօրենի ընտրության մասին։ Ըստ իս՝ այդ ընտրությունները դեռեւս նոյեմբեր ամսից սլաքավորված ընտրություններ են։ Փաստորեն մենք ունեինք դպրոցի արդեն նախանշված տնօրեն։ Որպես կառավարման խորհրդի նախագահ բոլորին հավասար պայմաններ եմ սստեղծել։ Ցուցումներ եղել է Կրթության եւ գիտության նախարարությունից, զանգել են անդամներից մեկին եւ ասել, որ իր փոխարեն անդամ է լինելու Մհեր Գեւորգյանը, որը օրեր անց եղավ «Իմ քայլի» շտաբի պետ»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է աշխատել նախորդ տնօրենների հետ, եթե իր խոսքով ասած՝ նրանք նույնպես ուղղորդված են նշանակվել, Լուսինե Արշակյանը հայտնեց, որ որեւէ խնդիր չի եղել, իսկ թե որ կուսակցության անդամներ են եղել նախկին տնօրենները, չկարողացավ պատասխանել. «Չգիտեմ: Չեմ կարող ասել նաեւ, թե Արեւիկ Թարվերդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, թե ոչ»: Լուսինե Արշակյանը, որը քսան տարի է աշխատում է նույն դպրոցում որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, տեղեկացրեց նաեւ, որ Մրգավետի դպրոցի մանկավարժական կոլեկտիվն իր թեկնածուն ուներ՝ Հասմիկ Սիմոնյանը։ Արեւիկ Թարվերդյանի ընտրությունից հետո, թե քանի ուսուցիչ ազատման դիմում կներկայացնի, չի կարող ասել, բայց որ կլինեն ազատման դիմումներ, չի բացառում. «Չեմ զարմանա, եթե ես էլ ստանամ ազատման դիմում։ Որովհետեւ այն միակ համարձակն եմ, որ խոսում է: Պատրաստ եմ անձամբ դիմում ներկայացնել, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ չկարողանամ աշխատել»,-ասաց նա: