Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոկորդիլոսները կապշեցնեն, ապա կվերամշակվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kokordilos

Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ցանկություն հայտնած  «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը ստեղծելու է «Ապշանքի էկո այգի»՝ 31 ենթակառուցվածքներով, որոնցից մեկը կոկորդիլոսաբուծարանն է լինելու։ «Շատ մեծ հույս ունենք, որ հինգ տարվա ընթացքում կյանքի կկոչենք ծրագիրը։ Ունենալու ենք ջերմոցներ, պտղատու այգիներ, ալիքյաին լողավազաններ, իսկ  վերջում Դաշտավան գյուղի դպրոցը կդարձնենք բնապահպանական դպրոց։ Շուկան ուղղորդում ենք հիմնականում զբոսաշրջիկների համար, մեզ պետք է մի խայծ, որ բոլորը գան էնտեղ հանգստանալու։ Եթե կա ուրիշ հետաքրքիր բան՝ մենք պատրաստ ենք դա անել, բայց տարածաշրջանում չկա դա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ծրագիրը՝ ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը: Սարգսյանը ծրագրի մեջ ամենառիսկայինը կոկորդիլոսն է համարում: «Մենք դիմել ենք կառավարությանը՝ նախորդ իշխանությունների օրոք, իրենք մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում՝ մենք չհամաձայնեցինք, հետո արդեն մարզպետները փոխվեցին, եւ մենք հանդիպեցինք Արարատի մարզպետի հետ, հողը դեռ չենք գնել: Մեզ ոչ մի բան պետությունից հարկավոր չէ, մենք մասնավոր բիզնես ենք, մենք գնելու ենք 25 հեկտար անմշակ հող, Հրազդան գետի կողքին ենք լինելու եւ մաքրելու ենք գետը։ ՊԵԿ-ի հետ կապված խնդիր չունենք, միայն կոդն է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոս ես ներկրում, հիմա խնդիրն այն է , որ պետք է հստակեցվի՝ դա թռչնի կոդով է լինելու, թե՝ կենդանու։ Եթե ձու ենք ներկրելու՝ ապա թռչունների համար նախատեսված կոդով է լինելու։ Հիմա արդեն հստակեցվել է՝ ներկրելու ենք կոկորդիլոսի ձու:  Մենք դեռ ոչ մի դրամ չենք ներդրել: Ծրագրի արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ»։ Կոկորդիլոսի մեկ ձուն արժե  400 դոլարին համարժեք դրամ, որոնք կներկրվեն   Տանզանիայի, Քենիայի, աֆրիկյան երկրների բուծարաններից: Խաչատուր Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանում կլիմայական պայմանները բավարար են կոկորդիլոսներ մեծացնելու համար: «Կոկորդիլսը յոթ տարվա ընթացքում է դառնում չափահաս»: Ապշեցնելուց բացի՝ Սարգսյանը նպատակ ունի նաեւ կոկորդիլոսի կաշին, միսը, ոսկորները վաճառել: «Կոկորդիլոսները կօգտագործվեն արդյունաբերական նպատակներով նաեւ: Գյումրիում նախատեսվում է վերամշակման արտադրամաս բացել: Ոչ մի բան Հայաստանում չի մնա, կաշին էստեղ կվերամշակվի եւ կարտահանվի»,-տեղեկացրեց Սարգսյանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա ծրագիրը կյանքի կկոչվի մարտի մեկից: