Ֆիզկուլտուրայով զբաղվելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն. Գաբրիել Ղազարյան (տեսանյութ)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ Գաբրիել Ղազարյանը կարծում է, որ ֆիզկուլտուրայով զբաղվելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն: «Եթե մարդու մտքին տեղ լինի, ապա նա միանշանակ կարող է զբաղվել ֆիզկուլտուրայով: Կարելի է օրը սկսել վազքով, ցնցուղ ընդունել, հագնվել, եւ այլ եւ այլն, ապա գնալ աշխատանքի», - նման պարզ բանաձեւ է առաջարկում մեր սպորտի պատասխանատուն: Ինչպես նշեց Գաբրիել Ղազարյանը, նախարարությունը տարին սկսելու է մասսայական սպորտի նույն միջոցառմամբ՝ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական մրցույթի անցկացումով: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչու Հայաստանում չեն անցկացվում տարբեր մարզաձեւերի՝ օրինակ, թենիսի, սեղանի թենիսի, վազքի, լողի, վոլեյբոլի, մինի ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի օրեր, մասսայական մրցումներ, Գաբրիել Ղազարյանն ասաց: «2019 թվականին մենք ունենք մի շարք նոր պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված են լինելու տարբեր մարզաձեւերի մասսայականացմանը: Սակայն, մեր առաջին խնդիրն ազգաբնակչությանը ֆիզկուլտուրայով զբաղեցնելու մեջ է, որպեսզի մարդիկ մշտապես շարժման մեջ լինեն: Համաձայն եմ, Հայաստանում շատ քիչ են մարզահրապարակները, բայց ամենագլխավորն այն է, որ մարդիկ փոխեն իրենց մտածելակերպը, հասկանան, որ ֆիզկուլտուրան առողջություն է, դա իրենց շարունակության միջոց է, շարժունակության զարգացման ձեւ, կյանքի պարտադիր բաղադրիչներից է», - եզրափակեց նախարարի 1-ին տեղակալը: Այն, թե մասսայական սպորտի ինչ նոր ծրագրեր է նախարարությունը նախատեսել այս տարի, պարզ կդառնա առաջիկայում, երբ լիովին պատրաստ կլինի 2019 թվականին մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ծրագիրը: Հուսանք, որ դրանցում կլինեն նաեւ տարբեր մարզաձեւերի օրեր կամ շաբաթներ: