Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» շրջանցեց «Չելսիին»

Սպորտ
a1chelsea

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայում կայացան 24-րդ տուրի վերջին հանդիպումները: Մրցաշարի առաջատար «Լիվերպուլը» սեփական դաշտում չկարողացավ կոտրել «Լեսթերի» դիմադրությունը եւ ստիպված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Լիվերպուլցիներն այժմ 5 միավորով են գերազանցում իրենց հետապնդող «Մանչեսթեր Սիթիին»: Երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Ուոտֆորդի» նկատմամբ՝ 2:1, ընդ որում դաշտի տերերը գոլերը խփեցին հանդիպման վերջին 10 րոպեի ընթացքում: Լոնդոնցիներն առաջատարից հետ են մնում 7 միավորով: Իսկ ահա չեմպիոնների լիգայի վերջին՝ 4-րդ տեղի համար պայքարող Լոնդոնի «Չելսին», հյուրընկալվելիս ջախջախիչ պարտություն կրեց «Բորնմութից»՝ 0:4: Տանտերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: Լոնդոնցիները կրեցին երկրորդ անընդմեջ չոր պարտությունը (նախորդ տուրում՝ 0:2) եւ իրենց տեղը զիջեցին Լոնդոնի «Արսենալին», քանի որ խփած գոլերի քանակով արդեն զիջում են մրցակցին: Հաջորդ՝ 25-րդ տուրը, տեղի կունենա փետրվարի 2-4-ին: Կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ կհանդիպի «Արսենալի» հետ: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին: