Փոխե՞լ ՀՀ պետական օրհներգը. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը (Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը) հստակ սահմանում է, թե որն է պետական դրոշը և որն է զինանշանը, իսկ օրհներգի մասով ասում է, որ այն սահմանվում է օրենքով։ Ուրեմն՝ կարելի է օրհներգը փոփոխել, ինչի առաջարկներ տարբեր ժամանակահատվածներում եղել են։ Այսօր ևս հնչում են նման առաջարկներ, ընդ որում՝ առաջարկվում է ընդունել Խորհրդային Հայաստանի օրհներգը։ Առաջարկվում է պահպանելով ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը՝ փոփոխել Սարմենի հեղինակած բառերն ու նոր տեքստ գրել։ Փաստարկվում է, թե ընդունելի չէ, որ ՀՀ պետական օրհներգը լինի Նալբանդյանի հեղինակած «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը։ Իրականում, սակայն, կա ճշմարտանման թվացող վարկած, որ Նալբանդյանի բանաստեղծության մեջ հենց հայ աղջկա երգն է, պարզապես վերնագրում օգտագործված է «իտալացի» ձևակերպումը, որպեսզի ցարական Ռուսաստանի ռեպրեսիաների ժամանակ հնարավոր լիներ բանաստեղծությունը հրատարակել։ Այսօր նույնիսկ բողոքի ակցիա է եղել «Մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել» թեմայով: Հնչել է նաև առաջարկ, որ իբրև օրհներգ ընդունվի Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը։ Սա, իհարկե, ավելի զգացական առաջարկ էր, որ հնչեց Շառլի մահվան, հուղարկավորության օրերին։ Որպես օրհներգի տարբերակ ժամանակին առաջարկվել էր նաեւ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործության վրա Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը։ Առաջարկում ենք մասնակցել մեր փոքրիկ հարցմանը, ընտրել ենք չորս տարբերակ: Առաջարկում ենք նախ լսել վերհիշելու համար եւ քվեարկել…