Արթուր Ալեքսանյանը նորից կհետազոտվի
2016թ օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ԱՄՆ-ում շարունակվում է վերականգնողական փուլը: Այդ մասին հայտնել է նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, ով միաժամանակ ըմբիշի անձնական մարզիչն է: «Բուժումները շարունակվում են: Մարզավիճակ պահպանելու համար նա թեթեւ մարզումներ է անցկացնում, սակայն բժիշկների վերահսկողության ներքո: Հաջորդ շաբաթ Արթուրը պետք է նորից հետազոտվի, քանի որ ճողվածքները շատ են: Բայց, ընդհանուր առմամբ նա իրեն լավ է զգում», - ասել է Գևորգ Ալեքսանյանը: Հավելենք, որ Արթուր Ալեքսանյանը ԱՄՆ-ում է գտնվում 2018 թվականի դեկտեմբերից: Նա հիմնականում մեջքի ճողվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել անցած տարվա աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար մարտին: Ըստ նախնական տվյալների, Արթուր Ալեքսանյանը հավանաբար բաց կթողնի 2019թ Եվրոպայի առաջնությունը, որպեսզի կարողանա ապաքինվել վնասվածքներից եւ պատրաստ լինի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է եւ օլիմպիական ուղեգիր է տալիս: