«Լուսավոր Հայաստանը» կողմ է Արարատ Միրզոյանի թեկնածությանը (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը եւ կողմ կքվեարկի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Արարատ Միրզոյանի օգտին: «Մենք եւս ըստ էության շատ լավ ենք ճանաչում Արարատ Միրզոյանին, միգուցե ավելի լավ ենք ճանաչում, քան էստեղ նստած ձեզանից շատ շատերը: Մենք չենք առաջադրել ԱԺ նախագահի թեկանածու, բայց մենք կառաջադրենք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու: Մենք ձեզ կրեդիտ ենք տալու Արարատ Միրզոյան, որ ցույց տաք, որ դուք բոլորի ԱԺ նախագահն եք եւ ամեն ինչ անելու եք, որ ԱԺ-ն դուրս գա գործադիրի կցրոդ լինելուց»,-իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ ԱԺ դերակատարմանը: «ՀՀ-ում ԱԺ դերը պատմականորեն ցածր է եղել, գոնե վերջին երեք գումրումները եւ միշտ խոսվել է դրա դերի բարձրացման մասին եւ որքան որ խոսվել է դրա դերի բարձրացման մասին, հակառակը՝ այն ընկել է: Դրանից հետո մենք ունեցանք խորհրդարանական կառավարման համակարգ, որից հետո այդ դերի բարձրացումը էլի տեղի չունեցավ: Այսօր մենք կարող ենք դա փոխել: ԱԺ-ն պետք է լինի լոկոմոտիվը խորհրդարանական կառավարման գործում: Պատգամավորի մասին միշտ միֆեր են եղել, այն է ինչ որ կա, ինչ որ տեսել եք՝ ոչ ավել, ոչ պակաս: ԱԺ նախագահը պետք է արբիտրի դերը ստանձնի: Խորհրդարանական ղեկավարությունը իր առաքելությունն իրականացնելիս պետք է այնպես իրականացնի, որ գործադիր իշխանությունը երկար աշխատի: Մենք այստեղ ներկայացնում ենք ընդդիմադիր բեւեռ: Հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը շատ դժվար է: Մենք չենք կարող դառնալ բոլորս մեկ, դրա արդյունքում կկորցնենք ամեն ինչ: Մեր գործունեությունն իրականացնելիս մենք կլինենք կառուցողական: ԱԺ նախագահից ես ակնկալում եմ այդ աշխատանքի անաչառ արբիտրի դերակատարում»: