Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը

Հասարակություն
po.hcav_

Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի  2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը:  2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով: Ոստիկանները նախ մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել, չեն ապահովել փաստաբանի ներկայություն:  Դեպքից հետո Ասյա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի: Հունվարի 9-ին Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել:  Քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:  Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը:

ՀՔԱՎ լրատվություն