Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը կարճվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
serg1

«ՀՔԾ-ն որոշել է, որ փետրվարի 13-ին 2018 թվականի Երևանի ավագանու հերթական նիստում կայացած ծեծկռտուքի վերաբերյալ գործը պետք է կարճել․ հիմնավորելով, որ այնտեղ հանցակազմ չկա»,- ծեծկռտուքի վերաբերյալ գործի կարճման որոշման ծանուցմանն  իր տեսաուղերձում անդրադառնում է Երևանի ավագանու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, անկուսակցական Սոնա Աղեկյանը։ Վերջինիս համար անհասկանալի է՝ թե ինչու է նշված, որ հանցակազմ չկա, և պնդում է, որ այդ օրվա նիստին հանցագործներ կային ու պահանջելու է, որ նրանք կանգնեն արդարադատության առջև․ եթե ոչ Հայաստանում, ապա՝ Եվրոպայում։ Աղեկյանը տալիս է ևս մի քանի հոգու անուն, ովքեր նույնպես ստացել են վերոնշյալ ծանուցումը։ Այդ մարդկանց թվում են՝ Երևանի ավագանու նախկին անդամներ ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, Երևանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և այլք։ «Պահանջելու եմ, որ այդ հանցագործները (Վասապուրակ է, Գոռ է, չգիտեմ՝ Տարոն, ով կլինի) բոլորը կանգնեն արդարադատության առջև, եթե չեն կանգնի արդարադատության առջև, ապա կլինի ինքնադատաստան»,- անդրադառնում է Երևանի ավագանու նախկին անդամ ՀՀԿ-ականներին։ «Ի պատիվ լրագրողական տեսախցիկների, մենք այս պահին երեքս էլ կենդանի ենք»,- ասում է Աղեկյանը։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Սոնա Աղեկյանն ասաց, որ գործի կարճման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, սակայն որոշման ծանուցագրի մասին իրեն տեղյակ են պահել փոստատնից՝ 2019 թվականի հուվարի 10-ին, իսկ ծանուցագրի ծրարի վրա փոստատան կնիքով նշված ամսաթիվը եղել է «2018 թվականի հունվարի 8-ը։ Աղեկյանը եզրափակեց՝ նշելով, որ հունվարի 14-ին բողոքարկելու է ծեծկռտուքի գործի կարճման վերաբերյալ ՀՔԾ որոշումը։ Իսկ ավելի վաղ «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը ոստիկանությունից ետ է վերցրել փետրվարի 13-ին ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ իր բողոքը: ։ Բացի այդ, Աղեկյանի փոխանցմամբ, իր, Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը նույնպես կարճվել է։ Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Մակարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, և նրանց դեմ գործ էր հարուցվել  խուլիգանության հիմքով։ Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք էր եղել Երևանի ավագանու նիստի ընթացքում: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Որից հետո բախում էր տեղի սկսվել «Երկիր Ծիրանի» կուսակցության 3 անդամների և ՀՀԿ-ականների միջև։ Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Սոնա Աղեկյանի տեսաուղերձը ստորև․