Եթե ապացուցեք, ապա հրաժարական կտամ. Վալերի Օսիպյան
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար իրավապահ մարմիններին օգնել են քրեական հեղինակությունները: «Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից»: Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետը հերքեց լուրերը, որ այս օրերին մեծ թվով քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան: «Այսպես կոչված, գողերը, նախքան գող լինելը, մարդ են և օգտվում են Սահմանադրությամբ իրենց ընձեռնված իրավունքներից ու պարտականություններից։ Սակայն այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանում կրիմինալը չի եղել հսկողության տակ այնպես, ինչպես այսօր է»,-ասաց նա: