Վարչապետին պետք է կառուցողական ընդդիմություն, փոխզսպող ուժ, ինչը կարող ենք լինել մենք. Թ. Վարդանյան
Հարցազրույց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի հետ . -Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր քարոզարշավը, ի՞նչ առանձնահատկություններ կնշեք։ -Քարոզարշավն ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական։ Սա արդեն անկախ, ոչ թե թղթով, այլ՝ իրապես անկախ Հայաստանում 2-րդ քարոզարշավն է։ Առաջինը՝ ՏԻՄ ընտրություններին, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, որն էապես տարբերվում էր նախորդ 20 տարիների քարոզարշավներից։ Իհարկե, եղել են գումար բաժանելու դեպքեր, կաշառք բաժանելու դեպքեր, որոնք կանխվել են։ Առայսօր քրեական գործեր են հարուցված դրանց կապակցությամբ։ Այս ընտրություններն, իհարկե, տարբերվելու են նախորդից։ Քարոզարշավը 12 օր էր, և լուրջ դժվարություններ առաջացան բոլոր քաղաքական միավորումների համար, և ծրագրին ծանոթացնելը շատ բարդ եղավ։ Այսինքն՝ օգտագործեցինք հնարավոր բոլոր միջոցները, մեդիան, համացանցի հարթակները, քաղաքացիների հետ անձնական շփումները։ «Մենք» դաշինքը քարոզարշավն իրականացրել է բոլոր ուղղություններով․ մի մասը մարզերում են աշխատել, Երևանի թեկնածուները պարոն Զեյնալյանի հետ են անցկացրել։ Ընդ որում ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ որոշ քաղաքական ուժեր մարդագողությամբ են զբաղված․ իրենց շրջապատում խոսում են, որ Արտակ Զեյնալյանն իրենց դաշինքից կամ կուսակցությունից է։ Ես ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահն է և «Մենք»-ի անդամ։ Եվ որևէ մեկը թող չփորձի մարդագողությամբ զբաղվել։ -Կարողացա՞ք քաղաքացիներին հնարավորինս հասցնել ձեր գաղափարները, ծրագրերը։ -Հնարավորինս աշխատել ենք այդ ուղղությամբ, որովհետև այս քարոզարշավի ամենբացասական կետերից մեկն այն էր, որ երկու քաղաքական ուժեր՝ նախորդ իշխանությունն ու ներկա իշխանությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացնում էին ոչ թե իրենց ծրագրերը, տեսլականները, այլ՝«ցեխ» էին շպրտում մեկը մյուսի վրա դիվիդենտներ հավաքելու նպատակով։ Սա ևս սխալ եմ համարում։ Մենք հիմնականում շփվել ենք քաղաքացիների հետ, հանդիպումներ ենք ունեցել, որոնց ընթացքում փորձել ենք հնարավորինս ներկայացնել մեր ծրագրերը և ապագա Հայաստանի տեսլականը։ Քաղաքացիները, ընտրողներն արդեն հոգնել են թանկարժեք բեմերից, պաթոսային ելույթներից, մեքենաների շարասյուներից, ահռելի պաստառներից, որոնք այս ընթացքում անասելի շատ են։ Եվ զարմանալի է՝ որտեղի՞ց այդ մարդկանց մոտ այդչափ գումար այդպիսի ահռելի ծախսեր անելու համար։ -Ինչպե՞ս էր արձագանքում բնակչությունը, հետադարձ կապ զգո՞մ էիք։ -Մենք դաշինք են կազմել քարոզարշավը սկսելուց 10 օր առաջ։ Քաղաքացիներն առաջին իսկ օրվանից լավ ծանոթ էին «Մենք» դաշինքի անդամներին, և հնարավորինս փորձեցինք հրամցնել դաշինքը քաղաքացիներին, որովհետև հասկանալի է դեռևս ճանաչելիության խնդիր կար, բայց փաստացի հիմա չունենք ճանաչելիության խնդիր։ -Խորհրդարան հայտնվելու դեպքում ձեզ ընդդիմություն պատկերացնո՞ւմ եք։ Հավակնո՞ւմ եք իշխանություն լինել։ -Աբսուրդային կլինի ասելը, որ իշխանություն կլինենք․ ես ինքս ինձ կծաղրեմ, եթե ասեմ, որ մեծամասնություն ենք կազմելու։ Վարչապետի գլխավորած ուժն է իշխանություն լինելու, և դա միանշանակ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխություն գլխավորած ուժն է, և տրամաբանական եմ համարում, որ «Իմ քայլը» բացարձակ մեծամասնություն կազմի ԱԺ-ում։ Ընդդիմության մասով ասեմ, որ իշխանությանը պետք չէ «քավության նոխազ», ինչպիսին Հանրապետականը, այսիքն՝ միշտ քարկոծել, հիշեցնել անցյալը և ըստ էության, ոչ մի կառուցողական գործընթաց չի լինի օրենսդիր մարմնում։ Վարչապետին պետք է կառուցողական ընդդիմություն, փոխզսպող ուժ, ինչը կարող ենք լինել մենք, և ինչին հավակնում ենք լինել։ Մենք չենք լինելու ընդդիմություն ժողովրդին, մենք լինելու ենք ընդդիմություն իշխանությանը։ Եվ այդ ընդդիմություն ասվածը հարաբերական է, ավելի ճիշտ կլինի ասել փոխզսպող ուժ։ Մենք առավել ենք մնացածից մեր արտաքին քաղաքականության հետ կապված հայացքներով։ Որովհետև վստահ ասում ենք, որ ներկա քաղաքական դաշտում և առաջադրված քաղաքական միավորների մեջ եվրոպական արժեքներ կրող միակ ուժն ենք։Միակ արևմտամետ ուժն ենք, որը հստակ իր գիծը մինչև վերջ տանում է։ Այսինքն՝ մենք չենք պատկերացնում պրոռուսական, պրո-ԵԱՏՄ-ական Հայաստան։ Մենք ուզում ենք ապրել եվրոպական արժեքներով, ուզում ենք եվրոպական բժշկություն, եվրոպական կրթություն, ուզում ենք, որ կյանքի որակը բարելավվի։ Այո՛, Հայաստան մտնող գումարների 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից, սակայն մեր հայրենակիցները գնում են չարքաշ աշխատանքի և կոպեկներ վաստակում։ Եթե լինի Եվրոպա ազատ մուտք, այսինքն՝վիզայի ազատականացում, որը մեր ծրագրի առանցաքային կետերից մեկն է, մենք կկարողանանք ավելի արժանապատիվ աշխատանքով զբաղվել և ստանալ ավելի արժանապատիվ վարձատրություն։ -Առաջարկի դեպքում իշխանության հետ կոալիցիա կկազմե՞ք։ -Չեմ կարծում, որ արտաքին քաղաքական հայացքները և պատկերացումները տանեն դեպի կոալիցիան, բայց ամեն դեպքում, եթե լինի կոալիցիայի կարիք և պահանջ, և եթե այդ կոալիցիան կծառայի ժողովրդին, ուրեմն չենք կարող բացառել։ Եթե ի նպաստ ժողովրդի է, ամեն ինչ հնարավոր է։