Աշխատացնելու ենք իշխանությանը. «Լուսավոր Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավը սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի անվան այգուց: Հարակից տարածքի դպրոցի պատուհանից աշակերտները ողջունեցին քարոզարշավի մասնակիցներին, ինչին ի պատասխան կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանդե Թանդիլյանն ասաց. «Լավ սովորեք, որ լավ մարդ ու մասնագետ դառնաք»: Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բարձր է լինելու: «Ակնկալում եմ, որ մասնակցությունը կլինի 1 մլն 3 հարյուր հազար: Մարդիկ հակված են մասնակցելու, որպեսզի պաշտպանեն երկրում տեղի ունեցած փոփոխությունները»: «Լուսավոր Հայաստան»-ի անդամները հաճախ են նշել, որ խորհրդարանում լինելու են 2-րդ ուժը՝ ընդդիմության դերում: Հարցին, թե մարդիկ պատրա՞ստ են կուսակցությանը այդ քվեն տալ, որպեսզի 2-րդ ուժը լինեն, պատգամավորի թեկնածուն ընդգծեց. «Այո, մարդիկ ասում են, որ երկրին օդ ու ջրի պես ձեր նման պրոֆեսիոնալ և գործից բան հասկացող, մաքուր անցյալով, հակակշիռ ուժ է պետք»: Դիտարկմանը, թե քարոզարշավի ժամանակ անակնկալներ եղել են, Մարուքյանը շեշտեց՝ մարդիկ դեռ վախենում են: «Շատ համայնքներում մարդիկ ասում են՝ վախեցած ենք, ու չենք կարողանում պարզել՝ ինչից, կա՛մ իներցիայով են վախեցած, կա՛մ իրենց վախեցնում են»: Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև այսօր «Հ1»-ում կայանալիք բանավեճին: «Մենք շատ խաղաղ ենք տրամադրված, եթե բախումներ լինեն, բնականաբար կբախվենք»,- կես կատակ-կես լուրջ ասաց Մարուքյանը: Մանե Թանդիլյանին հարց ուղղվեց՝ եթե իշխանության կողմից առաջարկություն լինի կրկին զբաղեցնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, կընդունե՞ք: Թանդիլյանը պատասխանեց. «Կոալիցիա կամ կա կամ չկա: Եթե կա, ապա այդ դեպքում առաջարկը տեղին է: Բնական է, որ այսօր իշխանությունը ունի ժողովրդի այն աջակցությունը, որ կոալիցիայի կարիք չկա: Մենք ընդդիմություն ենք լինելու և մեր ընդդիմախոսությամբ աշխատացնելու ենք յուրաքանչյուր իշխանության: Դա աներկբա է»: Պատգամավորի թեկնածուները շարունակեցին քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիայի տարբեր փողոցներով: