Գյուղացու աշխատանքը ձևակերպել որպես աշխատանքային ստաժ. ՕԵԿ նախագահ (տեսանյութ)
«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր: ՕԵԿ առաջնորդը նշեց, որ իրենք առաջարկում են կոնկրետ ծրագրեր, կոնկրետ քայլեր, որոնք հնարավորություն կտան երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից: Բաղդասարյանը պնդեց, որ պետք է խորացվի հայ-ռուսական համագործակցությունը: «Մենք կողմ ենք, որպեսզի մարդիկ կարողանան, իսկ Մարտունիում շատ են այդ մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքով վաստակում են իրենց «մի կտոր» հացը, անարգել իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ՌԴ տարածքում»,- մանրամասնեց նա: ՕԵԿ-ը կողմ է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության և ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության խորացմանը: Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ ՕԵԿ նախագահը նշեց, որ գյուղացին կանգնած է իր ապրանքը մթերելու, վաճառելու անհրաժեշտության առջև: Եվ պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա այդ ոլորտում առաջընթաց ապահովելու մեջ: Բաղդասարյանը անդրադարձավ նաև աշխատանքի ապահովման խնդրին. «Քանի որ պետությունը չի կարողանում գյուղացուն ապահովել աշխատանքով, մենք առաջարկում ենք գյուղում, հողի վրա աշխատող մարդու և հատկապես կանանց աշխատանքը ձևակերպել որպես աշխատանքային ստաժ»: Այնուհետև պարզաբանեց, որ եթե պետությունը չի տալիս աշխատանք, ապա գյուղացու աշխատանքը պետք է դիտարկվի որպես ստաժ, և հետագայում վճարվի արժանապատիվ կենսաթոշակ: