Իշխանությունն անտեր է հիմա. Ազատ Արշակյան (տեսանյութ)
«Նախընտրական քարոզչությունն ընթանում է սև-սպիտակի տրամաբանության մեջ»,- ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Այնպիսի տպավորություն է, կարծես պինգ-պոնգ լինի՝ ՀՀԿ-ն «Իմ քայլին»-ին, «Իմ քայլ»-ը՝ ՀՀԿ-ին։ Մնացածն ուշադրության կենտրոնից դուրս են մնում: Այստեղ շահում է ՀՀԿ-ն, քանի որ «Իմ քայլն» այսպես, թե այնպես շահած է։ Ինչ էլ լինի՝ «Իմ քայլը» հաղթելու է»։ Քաղտեխնոլոգը պնդում է՝ ՀՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու շանսերը մեծ են, կան մարդիկ, ովքեր քսան և ավել տարի նրանց իշխանության օրոք իրենց շատ հարմարավետ են զգացել։ «Եթե ՀՀԿ-ն կարողանա ուժերը լավ կոնսոլիդացնել, հնարավորություններ կունենա»,-ասում է Կարեն Քոչարյանը: Իսկ անձամբ Կարեն Քոչարյանին ամենից շատ դուր է գալիս «Մենք» դաշինքի քարոզարշավը։ «Շատ կրեատիվ են աշխատում եւ ակտիվ են։ Ինձ շատ դուր եկավ, որ Արամ Սարգսյանը դեպի Գյումրի քարոզարշավը սկսեց «Տղամարդիկ» արձանի մոտից՝ ասելով, որ Գյումրին տղամարդկանց քաղաք է։ Իսկ ԲՀԿ-ի քարոզարշավը հիմնականում կառուցված է Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա։ Նա երկրորդ տեղը զբաղեցնելու ամենամեծ շանսերն ունի»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ փորձում է պահպանել «Ելքի» դիվիդենտերը, որոնք մնացել են դաշինքից դուրս գալուց հետո։ ՀՅԴ-ն իր հերթին հասկացել է, որ ամեն ինչ կորցրել է, նրանք երբևէ ունեցած ամենացածր վարկանիշն ունեն»,- նշեց Կարեն Քոչարյանը: «Իմ քայլը» դաշինքը ներկա պահին վարում է ընդդիմադիր քաղաքականություն եւ պայքարում է իշխանության համար, ասում է նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Իշխանությունն անտեր է հիմա, ոչ ՀՀԿ-ն է տեր կանգնում իշխանությանը եւ պատասխանատվություն վերցնում երկրում ստեղծված իրավիճակի համար, եւ ոչ էլ ՔՊ-ն՝ պատճառաբանելով, որ ԱԺ-ն է իշխանությունը»-ասաց նա: