Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«18 տարեկան երեխան չպիտի կանգնի առաջնագծում»․ Արամ Սարգսյան

Քաղաքականություն
AramSargsyan

«Մենք» դաշինքը Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում է։ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, ցուցակի 1-ին համար, 1999-2000 թվականների ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանն անդրադարձավ տնտեսությանը։ «Մենք մեր տնտեսությունը տեղից պոկել կարող ենք։ Զինվորին ու բանակին զինել կարող ենք, եթե մեր ունեցած մարդկային ու բնական ռեսուրսները ճիշտ կիրառենք, ճիշտ գծի վրա դնենք»,- լուսակերտցիներին հավաստիացրեց «Մենք» դաշինքի 1-ին համարը։ Վերջինիս պնդմամբ՝ թե՛ ինքը, թե ՛ իր դաշինքակից, պատգամավորի թեկնածու 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանն այդ փորձն ունեն։ Սարգսյանն ասում էր, որ թե՛ Խաչատուր Քոքոբելյանը, թե՛ ինքը զբաղվել են  տնտեսությամբ, հասկանում են հարկային բոլոր նրբությունները, հասկանում են մաքսային բոլոր նրբությունները։   Իր իսկ բնորոշմամբ՝ ամենահիմնական խնդիրը զորակոչի խնդիրն է։ «Ցանկացած ընտանիքում, երբ տղա երեխան հասնում է 18 տարեկան, նույնիսկ Արցախյան ազատամարտի հերոս տղաների ընտանիքներում ծնողները սկսում են վախենալ այդ երեխայի համար»,- մանրամասնեց նա։ Ըստ նրա՝ 18 տարեկան երեխան չպիտի կանգնի առաջնագծում, այն էլ՝  տաք առաջնագծում։ «Էդ առաջնագծում պիտի  կանգնեն մեր պես մարդիկ։ Իմ տարիքի, եթե առողջություն ունի, թող գնա կանգնի, ի՞նչ խնդիր կա։ Մարդը չի գնա արտագնա աշխատանքի։ Կկանգնի խրամատում։Պահակի գործ է․ կնայի՝ գալիս է թուրք, կկրակի, չի գալի, չի կրակի կամ խաբար կտա, որ գալիս են, կրակողը կգա»,- ծրագրի մանրամասները ներկայացրեց Սարգսյանը։ Ըստ նախկին վարչապետի՝ այս խնդրի լուծումը ևս 20․000 պայմանագրային զինծառայող աշխատանքի վերցնելն է, իսկ աշխատավարձը պետք լինի 1000 դոլարին համարժեք վարձատրությունը։ «Եվ հավատացե՛ք, որ էդ 20․000 մարդն այլևս խոպան չի գնա»,- եզրափակեց նա։  Սարգսյանի հաշվարկով՝ դրա համար ընդամենը 240 միլիոն դոլար է պետք։