Չարենցավանի գործարանների վերագործարկման ապագան մշուշոտ է. Էդ. Մարուքյան (տեսանյութ)
ԼՀԿ առաջնորդ Մարուքյանը խոսեց այն մասին, որ իրենց կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է երեք մակարդակով. 1-ին մակարդակը՝ մարզերում է հենց իր գլխավորությամբ, երկրորդը՝ Երևանում՝ Մանե Թանդիլյանի և Գևորգ Գորգիսյանի գլխավորությամբ, երրորդն էլ՝ յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու իր տարածաշրջանում: «Ինչո՞ւ ներկայացրեցի մեր քարոզարշավի ստրատեգիան, որովհետև հարցեր են տալիս՝ «Բա ինչի՞ Մանե Թանդիլյանը չի եկել, բա ի՞նչի էս ինչը չկա»: Որ իմանաք՝ մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք: Օրերը շատ կարճ են, ժամանակը շատ քիչ է, բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ հնարավորինս շատ մարդկանց հետ շփումներ ունենանք»,- մանրամասնեց Մարուքյանը: Չարենցավանը Մարուքյանը համեմատեց Վանաձորի հետ, որովհետև ժամանակին եղել է արդյունաբերական քաղաք: «Սովետական Միության փլուզումից հետո գործազրկության շատ բարձր մակարդակ ենք արձանագրել և մարդիկ ուղղակի հուսահատված, հուսալքված նորից մեզ ասում են՝ «Այ, եթե գործարաններ բացեք, այ, եթե գործարանները վերագործարկվեն»»: Չարենցավանի գործարանների վերագործարկման ապագան, ըստ Մարուքյանի, շատ մշուշոտ է: Մարուքյանը կարևորեց ՏՏ ոլորտի դերը. «Մեր երիտասարդությունը շատ մեծ պոտենցիալ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, և արդեն շատ մեծ քանակությամբ «ԱյԹի» ոլորտի ներկայացուցիչներ գնում են արտասահմանում աշխատելու»: Ըստ Մարուքյանի՝ պետք է տնտեսության այնպիսի ճյուղեր զարգացնել, որոնք չեն եղել Խորհրդային Միության ժամանակ, բայց կարելի է ունենալ շատ ավելի աշխատատեղեր, քան խորհրդային ժամանակ: «Այդ հնարավորությունները կան, այդ տեխնոլոգիաների զարգազման հնարավորությունները կան: Մենք ունենք այդ պոտենցիալը: Ուղղակի պետք է բավարար ուշադրություն դարձնի այս ոլորտին: Պետք է պետությունը խրախուսի կրթությունը այս բնագավառում»,- կարևորեց Մարուքյանը: Մարուքյանի կարծիքով՝ երկրորդը տուրիզմի զարգացումն է, երրորդը՝ գյուղատնտեսության զարգացումը: Բացված է լայն հնարավորությունների պատուհան՝ ըստ Մարուքյանի. «Կա մեծ շանս, այդ շանսը կամ մենք օգտագործելու ենք, կամ, եթե օգտագործեցինք, որևէ մեկին չենք կարող մեղադրել: Էդ շանսը օգտագործելու առաջին քայլը Դեկտեմբերի 9-ի ընտրություններն են, որ այնպիսի խորհրդարան ձևավորենք, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր ձեր դարդուցավով կապրեն»,- հայտարարեց նա: