Ինչ է փոխվելու անցումային արդարադատության իրականացման արդյունքում
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունենացավ քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:
Համաժողովին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այս թեմայով միջոցառման կազմակերպման համար, քանի որ անցումային արդարադատությունը հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության լայն շրջանին: Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու.
«Պիտի լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման բաներ, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»,- ասաց Ա. Միրզոյանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ գնալ վերականգնողական արդարադատության տարրերի ներդրման ուղղությամբ, թե՝ ոչ: Եվ, այնուամենայնիվ, եթե ԵՄ-ին դիմեն այս հարցով, ապա իրենք պատրաստ են աջակցել կառավարությանն այս գործընթացում։ «ԵՄ-ն՝ որպես անցումային արդարադատության գործընթացում մեծագույն ներդրողը, հատկապես իր հարևանության երկրներում, կարող է լավագույն փորձի և խորհրդատվության փոխանակում առաջարկել այն մասին, թե ինչպես կապակցել այս գործընթացը ընդհանուր արդարադատության բարեփոխումներին»,- ասաց նա:
Նա նշեց հավելեց. «Անկախ այս որոշումից, ԵՄ-ն շարունակում է իր աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Վերջերս բարձր մակարդակի արդարադատության շուրջ քաղաքականության երկխոսություն է սկսվել, ինչը կարևոր քայլ է Հայաստանի իշխանություններին արդարադատության ոլորտի ընդհանուր կառուցվածքի և գործունեության բարեփոխման հարցում։ Սա կնպաստի արդարադատության արդյունավետ իրականացմանը՝ ԵՄ չափորոշիչներին և Հայաստանի՝ ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների համաձայն»։