Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել ԵՄ – ՀՀ գործընկերության կոմիտեի նիստը

Քաղաքականություն
hh-em

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԵՄ- ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպման ընթացքում ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին և ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:
Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների  հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի և ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը:
Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում՝ Գործընկերության կոմիտեն կարևորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ընդգրկուն երկխոսության ապահովումը: Հայաստանը և ԵՄ համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով և պատեհ ժամանակին դիտարկել Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն առկա են: