«Մենք առաջին կառավարությունն ենք, որը բանակը զերծ է պահում քաղաքականությունից» (տեսանյութ)
Ստեփանավանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ ԿԳՆ ԺՊ Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց. «Այսօրվա կրթական ծրագրերը վախեցնում են աշակերտներին»։ Նախարարը ընդգծեց, որ տնտեսության զարգացումը նաև ենթադրում է կրթությանը հատկացվող բյուջեի մեծացում։ Նախարարն ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի ուղղորդել դպրոցի տնօրեններին։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը՝ ընդգծելով. «ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող լուծել Ղարաբաղի հարցը»։ Փաշինյանը նշեց, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով պարզ ասել է, որ բանակցային գործընթացում հանդես է գալու միայն Հայաստանի անունից։ Փաշինյանը նաև հստակեցրեց, որ չի ընդունում Դավիթ Շահնազրյանի այն թեզը, թե ԼՂՀ հարցով տեղեկատվությանը պետք է տիրապետի միայն 5-6 հոգի։ Ըստ Փաշինյանի՝ ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է տիրապետի այդ տեղեկատվությանը. «Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք որևէ մեկը չէր ասում, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»։ Վարչապետի ԺՊ-ն նաև հավելեց, որ իրենց կառավարության բացարձակ առաջնահերթությունն է հզոր և մարտունակ բանակի ստեղծումը. «Մենք առաջին կառավարությունն ենք, որը բանակը զերծ է պահում քաղաքականությունից»։