Ուղիղ. «30 տարի է աղետի գոտի է դեռ և եկել ձեզանից քվե են ուզո՞ւմ. խայտառակություն է» (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Սպիտակի հրապարակ: Այսօր դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 2-րդ օրն է: Հրապարակում հավաքվածները «Նիկոլ Փաշինյան», «Նիկոլ» վանկարկումներով դիմավորեցին վարչապետի պաշտոնակատարին: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը բացման խոսքում դիմելով հավաքվածներին ասաց, որ դեկտեմբերի 9-ին կարեւոր անելիք ունեն, պետք է ամրագրել գարնանը սկսած կարեւոր գործը: «Շատ լավ գիտեք, որ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ, հլու-հնազանդ եւ խորհրդարանում հանրապետական վերնախավը ներկայացնող թեկնածուներն այսօր փորձում են հանդես գալ այլ ձեւով: Մոռացել են իրենց կուսակցության անունը, ներկայանում են իբրեւ անհատ թեկնածուներ, թասիբից են խոսում, ու մեկը չի հարցնում՝ բա որ թասիբ ունեիք՝ ի՞նչ գործ ունեիք նրանց կողքին: Թասիբով ՀՀ քաղաքացին, այն քաղաքացին է, ով իր ժողովրդի ցավով է տառապել, ժողովրդի արյունը խմողը չի կարող թասիբից խոսել: Իրենց վատ պատկերը, իրենց իշխանության վատ պատկերը... դեկտեմբեր 7-ն է շուտով, 30-ամյա տարելիցն է երկրաշարժի, աղետի գոտի տերմինը մինչ օրս կա, ամոթ է, դա խայտառակություն է, ու նման մարդիկ եկել են ձեզնից քվե են ուզում ու ասում են՝ եթե մտահոգ ես...։ Ոչ, լոռեցին, սպիտակցին, ՀՀ քաղաքացին այլեւս մտագոհ չի կարող լինել, որովհետեւ մենք ամեն օր պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լինենք ավելի երջանիկ, ավելի ապահով: Իմ քայլը դաշինքը ձեզնից վստահության քվե է առաջիկա հինգ տարիներին ուզում՝ մեր երկիրը դեպի առաջընթաց, տնտեսական վերելք տանելու համար»,-ասաց Պապիկյանը: «Սիրելի սպիտակցիներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին»,-դիմելով հավաքվածներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր Փաշինյանի համար հուզիչ օր է, քանի որ Գյումրիից Սպիտակ է եկել այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով քայլարշավով մարտի 31-ին անցել էին: «Մենք անցանք մեր առաջին գիշերակացի մոտով, հետո երկրորդ գիշերակացի կողքով, հետո մոտեցանք երրորդ գիշերակացի վայրին, որը Սպիտակ քաղաքի եզրին էր»: Նիկոլ Փաշինյանը հիշեց նաեւ, որ բնակիչներն իրենց սնունդ էին բերում, եւ ասաց, որ հարցը դա չէ, այլ որ մենք ճաշակում էինք Նոր Հայաստանի համը: «Բայց ափսոս, որ այդ Նոր Հայաստանի համը ոչ բոլորն են ճաշակել»: «Ոչ մի ձայն հանրապետական կուսակցությանը, որովհետեւ չի կարելի ներել, որովհետեւ փորձը ցույց է տալիս, ինչքան փորձում ենք սիրո եւ համերաշխության մթնոլորտը տարածել, բայց ոմանք առիթավորվում են դրանից եւ այս ընտրություններն ունեն հստակ առաքելություն, հանրապետականների թալանչիների բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը: Ոչ մի ձայն հանրապետականներին: Ձայն չտաք հանրապետականներին, ես ասում են ձայն չտաք այն ուժերին, որոնք երբեւէ ընտրակաշառք են կիրառել, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք սպառնալիք են ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք կարծում են, որ զենքով կարելի է հարցեր լուծել»,-ասաց Փաշինյանը: