Անօրինական գործունեություն Երեւանում
Քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանելու երթեւեկելի գոտիներում ավտոկայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման ուղղությամբ:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթական համատեղ ստուգայց են իրականացրել՝ այդ անթույլատրելի գործունեությունը կասեցնելու նպատակով:
Ստուգայցի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են արգելապատնեշներ: Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է վարչական տուգանք՝ 30000 դրամի չափով: Սակայն ոստիկաններն այս անգամ բավարարվել են բանավոր զգուշացումներով: Բանավոր զգուշացումներ են արվել նաև կարմիր գծանշումով գոտիներում տեղադրված ավտոկրպակների, կցորդների սեփականատերերին:
Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով հստակեցված է շրջիկ առևտրի սահմանումը, սակայն շրջիկ առևտրի կազմակերպման պահանջներն օրենքով դեռևս կանոնակարգված չեն: Ներկայումս մշակվել է օրենսդրական նախագիծ՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու համար: Հետևաբար, այս պահին ցանկացած դրսևորում համարվում է անօրինական գործունեության ծավալում: Ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն:
