Բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանում կրթության որակին: «ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական և արդար, և այն, ինչ արել ենք այս 6 ամիսներին, միտված է դրան: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե փոքրաթիվ խմբերին, որոնք ունեն հնարավորություններ»: Ըստ նախարարի պաշտոնակատարի, նախկինում ունեցել ենք ոլորտի մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: «Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը վատ առումով եղել է այն, որ այդ ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ մեր Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգա օտար երկրներում: Այ էս ա եղել նախկինում մեր կրթության վիճակը, և ես ուրախությամբ պետք է ասեմ, որ վեց ամսում հաջողվել է լուրջ քայլեր անել»: Երբեմն որոշ քննադատներ ասում են, որ ապաքաղաքականացումը դարձրել եք ձեր հիմնական դրոշակը, ընդգծում է Արայիկ Հարությունյանը: «Բա ի՞նչ անենք, եթե ստիպում եք ուսուցչին ընտրությունից ընտրություն նվաստանալ, ընտրություն կեղծել ու հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու, բա ինչ անեինք, պետք է ապաքաղակացնենք կրթությունը, որն անմիջապես ազդում է որակի վրա: Հեգնանքով ասում եք՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք դարձրել դրոշակ, բա ի՞նչ պետք է անենք՝ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա, բա ի՞նչ են անում, ազդում են: Գնացեք եւ ձեր դպրոցների վիճակը նայեք, տարրական զուգարան չունեն ձեր դպրոցները»,-ասաց նա: