«Հանրապետությունը» և «Ազատ դեմոկրատներ»-ը դաշինք կազմեցին (տեսանյութ)
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ստորագրեցին հուշագիր՝ արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով։
Նրանք մասնակցում են «Մենք» դաշինքով:
«Դաշինքը համարում է, որ հեղափոխությունը իր վերջնական արդյունիքին ու նպատակին կհասնի, եթե տեղի ունեն մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության մեջ»,- հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով հեղափոխությունից հետ նոր կառավարությունը թերացումներ է ունեցել եւ «Մենք» դաշինքը պատրաստ է այդ բացթողումները լրացնել:
Թեև դաշինքի անդամ կուսակցությունները ավելի արեւմտամետ են, սակայն, Արամ Սարգսյանն հարկ է համարում ընդգծել.
«Չկարծեք, թե մենք Ռուսաստանին դեմ ենք: Պարզապես կարծում ենք, որ պետության կողմից եւ ՀԱՊԿ-ին,եւ ԵԱՏՄ-ին անդամակցելը, չափից ավելի շատ է»:
Անդրադառնալով ընտրություններին, նա նշում է. «Մենք չենք լինելու քաղաքական այն ուժը, որը կսպասի գործող իշխանության սխալներներին, որոնցից կուրախանանք: Մենք լինելու ենք այն ուժը, որը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին ցույց տա այդ սխալները»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ ընդգծեց, որ կուսակցությունների միավորումը պայմանավորված է «միասին ավելին կարող են անել» սկզբունքով:
«Մենք հավակնում ենք լինել գլխավոր այն ընդդիմախոսը, որը բովանդակային և ՀՀ-ի զարգացման տեսլականով նոր թարմություն կբերի: Մենք նաև կօժանդակենք այն փոփոխություններին, որոնք այսօրվա կառավարությունը նախաձեռնել է»,-ասաց նա։