Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵՐՍԻՍՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ է

Մշակույթ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Բաբկեն Ներսիսյան - 90 ամյակ» հոբելյանական շաբաթն այսօր ավարտվում է: Բեմի մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանին էր նվիրված հոբելյանական շաբաթվա շրջանակներում անցկացված «Արտիստ » հանրապետական փառատոնը:

Հունիսի 28- ից հուլիսի 6-ը Սունդուկյան թատրոնի բեմում ելույթ են ունեցել Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Թիբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնները եւ մի շարք այլ թատերախմբեր: Հոբելյանական տոնին նվիրված ներկայացումների շրջանակում էլ յուրաքանչյուր թատերախմբից ընտրվեցին տարվա լավագույն «արտիստները» : Այս ընթացքում սունդուկյանցիները այցելեցին նաեւ Բաբկեն. Ներսիսյանի գերեզմանը: « Բաբկեն Ներսիսյանն այն տաղանդավոր դերասաններից է, որ աչքի է ընկնում իր խաղացանկում ունեցած հնչեղ անուններով՝ Սայաթ-Նովա, Եղիշե, Պեպո, Նապոլեոն, Բեն Ալեքսանդր եւ այլն: Նա մոտ 200 դեր-դիմանկար է մարմնավորել, ինչի շնորհիվ վառ է մնացել հանդիսատեսի հիշողության մեջ: », - ասում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմադրիչ Վահե Շահվերդյանը:

Ի դեպ, այսօր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն ներսիսյանական պոեզիայից հատվածներ, կհնչեն մեծարման խոսքեր: