«Քաղաքացիական պայմանագիրը» մարզերում թեկնածու առաջադրելու խնդիր ունի. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Ընտրական բոլոր օրենսգրքերն էլ գրվում են օրվա իշխանության ցանկությամբ: «Ռեյտինգային ընտրակարգը ունիվերսալ համակարգ է, որը միշտ աշխատելու է օրվա իշխանության համար»: Քաղաքական մեկնաբանը չբացառեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հնարավոր է բարդ ընտրություն լինի ռեյտինգային ցուցակ կազմելու համար: «Քաղաքացիական պայմանագիրը» մարզերում թեկնածու առաջադրելու խնդիր ունի: «Այդ ընտրակարգը ենթադրում է, որ տեղերում պետք է անցնեն այն մարդիկ, որոնք ունեն հեղինակություն: Բայց միևնույն ժամանակ նրանց համար խնդիր է առաջանում, որովհետև պետք է մրցել ոչ միայն այլ ուժերի թեկնածուների, այլև սեփական կուսակիցների հետ»: Ինչ վերաբերում խորհրդարանում ընդդիմություն ունենալուն, քաղտեխնոլոգը նշեց, որ չկա որևէ այլ ուժ, բացի ՀՀԿ-ից, որը հայտարարի, որ ընդդիմություն է: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իրենց խորհրդարան անցնելու դեպքում ընդդիմություն են լինելու, քաղաքագետն ընդգծեց. «Էդմոն Մարուքյանը խուսափում է նշել, կո՞շտ ընդդիմություն են լինելու, թե՝ ոչ։ Դեռևս նա խնդիր ունի, կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ»։ Հարցին, թե արտախորհրդարանական ուժերից որո՞նք կմասնակցեն ընտրություններին և հավակնություն ունեն անցնելու, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ընտրություններին կփորձեն մասնակցել նոր ստեղծվող կուսակցությունները, որոնք խնդիր ունեն հասարակության հետ ծանոթանալու։ Սա նրանց համար լավ հնարավորություն է, պետք է դիրքավորվել քաղաքական դաշտում»։