Սվիտալսկի.«Դրսում պետք է իմանան, որ այստեղ գիտեն փող ծախսել»
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, հիշելով 2017-ի խորհրդարանական ընտրությունները, ասում է, որ իշխանություններից պահանջել են կատարել ընդդիմության պահանջած փոփոխություններն ընտրական օրենսգրքում, այլապես ԵՄ-ն ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի։ «Այդպիսով 2017թ-ի ընտրություններից առաջ ԸՕ-ում որոշ փոփոխություններ եղան, նրանք ասում էին՝ միակ բանը որից երբեք չեն հրաժարվի ռեյտինգային համակարգն է»,- ասաց նա։ Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն ակնկալում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաարդարն են լինելու. « Մենք 2017թ-ի ընտրությունների մասով իլյուզիաներ չենք ստեղծել»։ Տարիների ընթացքում ԵՄ-ն լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին. « Մենք շատ փող ենք տվել կոշտ թափոնների վերամշակման գործարան կառուցելու համար, փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց իրականում գործարանի կառուցումն արդեն 3 տարի ուշանում է ժամկետից»,- ասում է Սվիտալսկին։ Նրա խոսքով եթե պետությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա չկա, լավ ծրագրեր է իրականացնում, գիտի՝ ինչպես ծախսել ԵՄ-ի փողերը, ապա խնդիրներ չեն լինի. «Սա Հայաստանի բրենդի համար է, դրսում պետք է իմանան, որ այստեղ գիտեն փող ծախսել»։