Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի ԱԳ նախարարը անդրադարձել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
D131EC49-DD68-4F96-B489-CD4138525BD4_w800_h450

Ամերիկայի Ձայն Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «ծանր հետևանքներ կունենան» աշխարհաքաղաքական առումով: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ` իրանական նավթի արտահանումը խոչընդոտող ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց ընդամենը օրեր առաջ: Թրամփի վարչակազմը, այս տարի օգոստոսին դուրս գալով Իրանի հետ համաձայնագրից, վերականգնեց պատժամիջոցները՝ արգելքներ սահմանելով օդանավերի, ավտոմեքենաների, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտրի համար: Իրանի բանկային և էներգետիկ ոլորտների վրա տարածվող և իրանական նավթի արտահանումը զրոյացնելուն միտված Վաշինգտոնի նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 5-ից: Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Զարիֆը նշել է, որ թե՛ Իրանի հարևան երկրները և թե՛ եվրոպական դաշնակիցները դեմ են պատժամիջոցներին: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ հարգում է 2015 թվականին ստորագրած միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները, ինչը բազմիցս հաստատվել է նաև ՄԱԿ-ի Ատոմային գործակալության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից: «Կարո՞ղ է արդյոք այդ երկիրը պատժել մյուս երկրներին այն բանի համար, որ նրանք հարգում են օրենքը: Սա ծանր հետևանքներ կունենա ապագայում աշխարհաքաղաքական առումով: Թե՛ մեր լավ հարևանները և թե՛ մեր եվրոպացի դաշնակիցները դիմակայում են պատժամիջոցներով սահմանված արգելքներին»: Թրամփը քննադատում է Բարաք Օբամայի նախագահության օրոք կնքված Իրանի համաձայնագիրը: Նա մասնավորապես ընդգծում է, որ գործարքը չի նախատեսում Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրի դադարեցումը և տարածաշրջանային պատերազմներում Իրանի մասնակցության գործոնը: Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրները շարունակում են հավատարիմ մնալ համաձայնագրի կետերին և ներկայումս մշակում են հատուկ մեխանիզմ,որը թույլ կտա համագործակցել Իրանի հետ՝ կախված չլինելով ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից: