Նոր Ընտրական օրենսգիրքը ավելի լավ հնարավորություններ է տալիս քաղաքական ուժերին (տեսանյութ)
«Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակին՝ ԱԺ-ում հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ անկախ նրանից, նոր Ընտրական օրենսգիքրը կընդունվի՞, թե՞ ոչ, ընտրություններ տեղի են ունենալու: <<Լիահույս եմ, որ բոլոր պատգամավորների մոտ կամրապնդվի այն գիտակցումը, որ երկիրը պետք չէ տանել ավելորդ ցնցումների: Ի վերջո ընտրությունները լինելու են և լավ կլինի, որ նոր Ընտրական օրենսգրքով լինեն, քանի որ այն ավելի լավ հնարավորություններ է տալիս բոլոր քաղաքական ուժերին>>: Հարցին, թե նա հոկտեմբերի 22-ի քվեարկության համար նախօրոք զանգահարել էր այլ խմբակցությունների պատգամավորներին, որ նրանք մասնակցեն նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. <<Ես մի քանի պատգամավորի զանգահարել եմ, նախ նրանց որպիսությամբ հետաքրքրվելու և հետո հասկանալու նրանց դիրքորոշումը: Ճնշման և խնդրանքի մասին խոսք լինել չի կարող>>: Արարատ Միրզոյանը անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին մասնակցող <<Իմ քայլը>> դաշինքի ցուցակին: Ըստ նրա՝ ցուցակում լինելու են թե՛ երիտասարդներ, թե ավագ սերնդի ներկայացուցիչներ: Կարևորը՝ նրանց քաղաքական միտք ունենալն է: <<Չեմ բացառում, որ կլինեն այնպիսի անուններ, որոնց նկատմամբ վերապահումներ կլինեն: Շատ հնարավոր է, որ ցուցակում լինեն տարբեր կուսակցություններից մարդիկ, այդ թվում ՀՀԿ-ից: Տրամաբանական է, որ դա հնարավոր է ազդի մեր հեղինակության վրա, բայց մենք ունենք անհրաժեշտ համարձակություն ազնիվ լինել հասարակության հետ>>,- ընդգծեց նա: