Սամվել Ալեքսանյանը օլիգարխ չէ. Հովիկ Աղազարյան
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դժվարանում է ասել, թե հանրությունը որքանով է պատրաստ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ըստ նրա, այդուհանդերձ, ընտրությունները սպասելի էին և անակնկալ չէին. «Կարծիք կա, որ դրանք կարող էին անցկացվել գարնանը, բայց քանի որ հստակ ժամանակ չկար, հետևաբար ընտրությունները կարող էին անցկացվել մեկ տարվա ընթացքում կամայական պահի, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեին այս իրավիճակին»: Նա կարևորում է նոր ընտրական օրենգրքի ընդունումը. «Գործող ռեյտինգային համակարգը համամասնական ընտրությունների անցկացումը չի ապահովում, իսկ դա նշված է սահմանադրության մեջ, փաստորեն այն ավելի շատ մեծամասնական է, քան համամասնական»: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով էլ և՛ մեծամասնական, և՛ համամասնական համակարգերն առանձին վերցված իրենց թերությունները ունեն. «Մեծամասնականի դեպքում ասում ենք ժողովրդավարական չի, կուսակցությունները պիտի կայանան, իհարկե, եթե կայացած են՝ համամասնականից լավը չկա, արդյո՞ք մեր կուսակցությունները կայացած են, հետն էլ ասում եք, որ համամասնականը կօգնի, որ կայանան»: Նրա խոսքով՝ չկայացած կուսակցությունների առկայության պայմաններում համամասնական ընտրական համակարգով կուսակցություններն են որոշելու՝ ով կդառնա պատգամավոր, մեծամասնականի դեպքում ժողովուրդն ընտրելու հնարավորություն կստանա. «Ես համաձայն եմ, որ ամբողջությամբ համամասնական լինի, ռեյտինգայինը ճիշտ չեմ համարում, բայց կրկնեմ, որ դա էլ իր թերություններն ունի»: ՀՀԿ-ականն անդրադառնում է այն խոսակցություններին, որոնց համաձայն մեծամասնականը ձեռնտու է հանրապետականներին և որ այդ համակարգով փողը կաշխատի։ «Փողը կարող է աշխատել նաև համամասնականի դեպքում, բայց պիտի բացառել դա»: Նրա կարծիքով հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին՝ ազգային ժողովում երկխոսություն ապահովելու համար. «Բնականաբար ոչ ներկայիս դեմքով, այդ պարագայում հանրապետականը պատասխանելու բան չի ունենա»: «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնում է նախկինում օլիգարխիայի մաս կազմող մեծահարուստներին. «Սամվել Ալեքսանյանին կամ Արտակ Սարգսյանին և մյուսներին կարելի է դիտարկել որպես մեծահարուստներ և օչ օլիգարխներ, առաջ այս մարդիկ ինչ- որ գումար էին տալիս իշխանություններին որոշ արտոնություններ ստանալու համար, հիմա դա չկա, այդ իսկ պատճառով էլ նրանք օլիգարխներ չեն»: Նրա խոսքով ՀՀԿ-ում կան լավ պատրաստված քաղաքական գործիչներ, սակայն նրանց համար դժվար է լինելու խորհրդարանում հայտնվելը. « Ըստ իս կանցնեն, «Լույս» դաշինքը, «Սասնա Ծռերը», «ԲՀԿ»-ն «ՀՅԴ»-ն և «ՔՊ»-ն»: Ըստ պատգամավորի՝ Հանրապետական կուսակցությունը լավ գաղափարախոսական հիմք ունի. « Աշոտ Նավասարդյանի կուսակցությունում ազնիվ մարդիկ կային, մի քանիսն իշխանություն ստացան ու նրանց տղաները դարձան մեծահարուստներ, Գարեգին Նժդեհն ասել է թալանի՞ր ազգիդ»: