Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ ԳԻՏԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մշակույթ

Տավուշի մարզի Ազատամուտ եւ Բերդ համայնքների երեխաներից շատերը կյանքում առաջին անգամ տեսան «Կարմիր գլխարկին»: Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի հերոսուհին առաջինն էր, որը նրանց հետ խոսում էր տիկնիկային թատրոնի բեմից: Տավուշեցի երեխաների համար Կարմիր գլխարկին «խոսեցրին» Երեւանի «Երիտասարդի թատրոն ստուդիա»-ի դերասանները:

Ազատամուտ ավանի մանկապարտեզի սոցիալական աշխատող Լուսինե Սեպխանյանը նշում է, որ համայնքում իրենց մանկապարտեզը միակն է, որտեղ այցելում են նաեւ հատուկ կարիքներով երեխաներ: Մանկական միջոցառումներ համայնքում, նրա հավաստմամբ, շատ հազվադեպ են լինում: Բերդ քաղաքի մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Գիրգորյանը նշում է, որ ճիշտ է, երեխաները հեքիաթներին ծանոթ էին, բայց նման մեծածավալ ներկայացումը նրանց համար ավելի տպավորիչ ու բովանդակալից էր: « Հեքիաթների թեման ավելի լավ ամրապնդվում է տիկնիկային ներկայացումներով »,- հավատցած է տիկին Գոհարը:

Երեխաներին, որքան էլ, որ տարօրինակ է, «Կարմիր գլխարկը» ներկայացման մեջ ամենից շատ դուր էր եկել գայլի կերպարը: Դա, ըստ երեւույթին, նրանից էր, որ գայլը, երեխաների խոսքերով ասած, «փորձում էր իրենց սիրաշահել, որ իր վատ արարքների մասին չմատնեին Կարմիր գլխարկին»: «Ես շատ ուրախացա, երբ գայլը ներողություն խնդրեց Կարմիր գլխարկից եւ տատիկից իր չար մտքերի համար: Ես հասկացա, որ պետք է մեծերին լսել եւ երբեք ինքդ քեզ չգովես, թե ես ամեն ինչ գիտեմ»,- կարծում է Բերդ քաղաքից 8-ամյա Սուրիկը: «Ներկայացումն ինձ սովորեցրեց, որ պետք է լսեմ մեծերին: Մամային միշտ լսել եմ եւ սրանից հետո ավելի շատ կլսեմ»,- ասում է ազատամուտցի 7-ամյա Սյուզին:

«Երիտասարդի թատրոն ստուդիան» հիմնադրվել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի կողմից: Թատրոնը դեռեւս իր խաղացանկում ունի միայն երկու ներկայացում՝ «Կարմիր գլխարկն» ու «Հենզելն ու Գրետելը»: Ներկայացումները նախատեսված են ինչպես մանուկների, այնպես էլ երիտասարդների համար: Հիմնական գաղափարը, թատրոնի դերասանների մեկնաբանությամբ՝ ընդհանուր կետերով` «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոնվենցիայի» ներկայացումն է երիտասարդներին` իրենց իրավունքների մասին: «Կարմիր գլխարկը» մանկական ներկայացումը եւս մի փոքր անդրադառնում էր մարդու իրավունքների խնդիրներին: Օրինակ, երբ Կարմիր գլխարկի մայրը նրան զգուշացնում էր չգնալ անտառ, վերջինս ասում էր, որ ինքը իրավունքներ ունի, եւ ոչ ոք իրավունք չունի դրանք ոտնահարել:

«Երիտասարդների համար լրիվ ուրիշ տեքստով ու իմաստով է ցուցադրվում: Թատրոնը կոչվում է երիտասարդի թատրոն, քանի որ դերասաններն երիտասարդներն են: Մեր աշխատանքը, սակայն, համադրում ենք փոքրերի ներկայացումներով, քանի որ տիկնիկայինն ի վերջո պետք է ունենա ներկայացումներ փոքրիկների համար»,- նշեց թատրոնի դերասան Նելլի Միքայելյանը:

Թատրոնը առաջիկայում նման ներկայացում է ցուցադրելու Գյումրիում: