ՌԴ դերը Հայաստանում չի նվազել. Արմեն Ռուստամյան
Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում կատարվեն վճռական քայլեր։
«Տարբեր կողմերից կարող են իշխանություններին ճնշել, որ ունեն մեծ իշխանություն ու գնան խիզախության և այն զիջումների, որոնք կարող են իրենց հեղինակության շնորհվ ունենալ։ Սա կլինի ցանկացած իշխանության սխալը, եթե նրանք փորձեն իրենց իշխանությունը տեղափոխել այդ դաշտ ու մտածել, որ կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որը բխում է սեղանի վրա եղած տրամաբանությունից, բայց հակոտնյա է մեր շահերին։ Այն իշխանությունը, որը դա չի ըմբռնի, երկար կյանք չի ունենա մեր տարածաշրջանում», - ասաց Արմեն Ռուստամյանը։
Ըստ Արմեն Ռուստամյանի, ՌԴ դերը Հայաստանում չի նվազել։
«Ջոն Բոլթոնը հասկանում է, որ ՀՀ-ՌԴ միջև այնպիսի կապեր կան, որ այդ հարաբերությունները չեն կարող փոխվել։ Կենսական հարաբերություններից բխող հարցեր կան, որոնցում ՌԴ-ն անփոխարինելի է»,- համոզված է պատգամավորը։ԸՕ-ի հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին չմիանալը խմբակցության ղեկավարն այսպես է բացատրում։
«Առանց համահեղինակ լինելու անիմաստ է, մենք չմիացանք ստորագրահավաքին, որովհետեւ ԸՕ-ում մեր նշած կետերը հաշվի չառնվեցին։ Հեշտ է ուրիշներին մեղադրելը, մեր որոշումը հստակ է՝ մենք կողմ ենք քվեարկելու ԸՕ-ին, որովհետեւ կա առաջընթաց, բայց մեր ներկայացրած 3 առաջարկները թող ասեն, թե ինչու անտեսվեցին»։
ՀՅԴ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին որպես ընդդիմություն, եւ հանդես կգա միայնակ, վստահեցրեց Արմեն Ռուստամյանը։