Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՏԱԼԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ

Մշակույթ

Մոտ 10 օր է` Համազգային թատրոնի հանդիսատեսները Սուրբ ծննդյան տոները նշում են սենյոր Կուպելլոյի տանը:

Պարզվում է` իտալացի դրամատուրգ Էդ. դե Ֆիլիպոյի «Սուրբ ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» երեք գործողությամբ պիեսը բեմադրելու ցանկությունը առաջացել է այն պատճառով, որ իտալացիներն ու հայերն բավականին նմանություն ունեն: Ինչպես պարզաբանում է պիեսի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը. « Էդ. դե Ֆիլիպոն մեր ժամանակների հանճարներից է ու նրա գործերը բեմադրվում են ամբողջ աշխարհում: Նրա հերոսները շատ նման են հայերին: Մեր ազգը բազմաթիվ դժվարություներ է հաղթահարել` չկորցնելով իր բարությունը»:

«Հայկական տարր կա այս գործում: Մտածողությունը, ժեստերը , ապրումները եւ էլի շատ բաներ նման են մերին: Վերջիվերջո կենտրոնում մարդն է` իր միամիտ ապրելակերպով»,-ասաց ներկայացման մեջ Կոնչետայի դերը խաղացող, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Պիեսի հիմքում մարդն է իր ապրումներով, իր երազներով: «Թատրոնը պահպանողական հիմնարկ է: Մարդը եւ իր ապրումները անընդհատ կան: Մենք միշտ փնտրում ենք նորը եւ հաշվի ենք առնում հանդիսատեսի ճաշակը»,- ասում է Սոս Սարգսյանը:

Նուրբ հոգեբանական մոտեցմամբ այս ներկայացումը գրավել է հանդիսատեսին: «Ներկայացումը չի պարտադրում որեւէ բան սովորել: Այն ցույց է տալիս մարդու հոգեվիճակը եւ յուրաքանչյուրը իրեն յուրովի է տեսնում այդ խաղում: Սա կարելի է բնորոշել որպես համամարդկային աշխատանք»,- ասում է ուսանողուհի Լիանան:

Ի դեպ` «Համազգային թատրոնը» առաջիկայում պատրաստվում է ներկայացնել իտալացի մեկ այլ դրամատուրգի պիեսի հիման վրա ստեղծված «Խեղճ Պետրոսը» տրագիկոմեդիան: Այս պիեսն ներկայացվելու է հայկական տարբերակով, որը մշակել է Սոս Սարգսյանը: Պիեսի բեմադրիչը եւս Սոս Սարգսյանն է: