Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջ տվեք դավադրություններին՝ վերադարձ անցյալին չի լինելու. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-uxix-live111

ՀՀ Սահմանադրությամբ ընդունված կարգով այսօր ԱԺ նիստում քննարկվել է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ Մինչ այդ, սակայն, հայտարարվեց, որ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ ԱԺ-ն նաև քվերակությամբ ընդունեց երեկ քննարկած մի շարք օրինագծեր։ Մասնավորապես՝ հավանության արժանացավ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրենքը՝ «Տոների մասին» օրենքում փոփոխություն անելու մասին։ Ըստ այդմ՝ օրենքով սահմանվում է Երևանի օրը՝ որպես տոնական, բայց՝ աշխատանքային օր։ Ընդունեցին նաև Քաղաքացիական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունները։ Ընդունվեցին Լիցենզավորման մասին օրենքի փոփոխությունները։ Առաջին ընթեցմամբ ընդունվեցին Արհեստակցական միությունների մասին, ԴԱՀԿ մասին, Աշխատանքային օրենսգրքում, Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։   Անդրադառնալով վարչապետի ընտրության հարցին՝ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջադրվել է մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Թեկնածությունը ներկայացնելու համար ձայնը տրվեց խմբակցության նախագահ Լենա Նազարյանին։ Նազարյանը նշեց, որ առաջադրումը ֆորմալ բնույթի է՝ ԱԺ լուծարման իրավական ընթացակարգն ապահովելու նպատակով։ Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում՝ ինքն առաջադրվել է չընտրվելու համար։ Առաջիկա ընտրությունների լեգիտիմության ապահովման նպատակով է առաջադրումը։ Փաշինյանը ելույթում ասաց. «Ինձ համար աներկբա է, որ Հայաստանում տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն։ Քրեական, տնտեսական էլիտայից իշխանությունն անցել է ժողովրդին։ Ժողովուրդը ստիպել է, որ իր թեկնածուին ընտրեն վարչապետ և չանաչեն ժողովրդի իշխանությունը։ Դեռ ամբողջական իշխանափոխություն չի կատարվել։ Պետական կառավարման համակարգը գործում է հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է հեղափոխությունից հետո որևէ պաշտոնյա կաշառք պահանջել, վերցնել։ Սա անտրամաբանական է։ ՀՀԿ ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, թե ԱԺ հաջորդ ընտրությունը 2022-ին է։ Դրա նպատակն է եղել պահպանել հին համակարգը, 2-րդ նպատակն է եղել մթնոլորտը նյարդային դարձնելը, ներդրումային մթնոլորտը աղտոտելն է։ Նախկին ռեժիմը ռևանշի առնվազն 3 փորձ է արել։ Կապանի ընտրության արդյունքը հին ռեժիմին կենսունակության հույս է տվել։ Սյունիքի քրեական, տնտեսական էլիտան կարողացել է որոշակի կոնսոլիդացիա ապահովել։ Տեղի ունեցածը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ։ Սյունիքում պետք է հաստատվի պետական, ժողովրդական իշխանություն և սա պետական անվտանգության խնդիր է։ Այս խնդիրը կկարողանա լուծել կառավարման համակարգին տիրապետող այն մարզպետը, որ նաև կարող է կանխել իրավապահ համակարգի վրա քրեատնտեսականների ազդեցությունը։ Սա այն դեպքն է, որ սեպը սեպով պետք է հանես։ Այս խնդիրը մենք լուծելու ենք։ Հարց կծագի՝ ինչո՞ւ ընդունեցինք Կապանի ընտրության արդյունքները։ Այդ արդյունքներն ընդունելով է, որ կարող ենք շարունակել մեր անկեղծ երկխոսությունը ժողովրդի հետ։ Քրեական, տնտեսական էլիտան կարողացել են ազդել կապանցիների քվեարկության վրա։ Մեր խնդիրն է այնպես անել, որ ազատությունը հասանելի լինի ամեն տեղ։ Երբ Օսիպյանն ու Վանեցյանը նշանակվեցին, շատ մեծ աղմուկ բարձրացավ, բայց 1-2 քննարկումից հետո թեման փակվեց։ Հունան Պողոսյանի դեպքում դա արագ չփակվեց, որովհետև նախկին քրեական էլիտան կարողացել է իր վերահսկողության տակ գտնվող մամուլն օգտագործելով, բարձրացնել այդ հարցը։ Ո՞վ է ասում, որ նրանք ովքեր նոր են պաշտոն ստացել հրեշտակ են: Ձեր յուրաքանչյուր քննադատությունը շատ ուղիղ ընկալվում է, շատ ուղիղ  վերլուծվում ա, շատ ուղիղ հետևություններ են արվում, բայց նույնիսկ այդ պարագայում, մենք չենք մտածում, որ պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին չպետք է ընդհանրապես քննադատել: Դա բնական պրոցես է:  Շատ խոսվում է այն մասին, որ ով փորձ ունի, ով փորձ չունի, մեզ քննադտաում են և՛ անփորձներին նշանակելու մեջ, և՛ փորձառուներին նշանակելու մեջ: Ես ողջունում եմ քաղացիական հասարկաության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, որոնք խոշորացույցի տակ են առնում,բոլոր  պաշտոնյանների կյանքը, կենսագրությունը, ունեցվածքը, եկամուտները, մենք երբեք ճշմարտությունից չենք վախենալու, մենք միշտ համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության, անկախ նրանից այդ ճշմարտությունը մեզ համար դրական կլինի, թե բացասական: Բայց մյուս կողմից ես հույս ունեմ, որևէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել  անողնաշար, անդեմ, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող, և նոկաուդի ենթարկվող կառավարություն: Կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենամեծ առաքելություններից մեկն է։ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվելու է։   Շարմազանովը հարցնում ա՝ բարիկադները մենք ե՞նք կառուցել։ Բա ո՞վ ա կառուցել։ Դուք եք կառուցել ձեր վերաբերմունքով։ Մեկը չկա՞ ձեզ ձեր շահը բացատրի։ Որքան մթնոլորտը սրեք, ձեզ համար ավելի վատ է լինելու։ Պարոնայք, վերջ տվեք դավադրություններին։ Ոչ մի պարագայում չի լինելու վերադարձ անցյալին։ Դեռ կարիք ունեք համոզվելու ժողովրդի ուժի մե՞ջ։ Չէ՞ որ մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ։ Եթե Հայաստանում որևէ ընտրության արդյունք կեղծվի, ես իմ ապրած կյանքը կհամարեմ անիմաստ։ Եթե ուզում են պատգամավոր ընտրվել, պետք է գնան ժողովրդից դաբրո ստանան, ոչ թե վարչապետից։ Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես պետք չի լինեմ վարչապետ, դրանից հետո 15 րոպե չեմ մնա»։  Պատասխանելով Արցախի խնդրի վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ որևէ իշխանություն չի կարող թաքուն լուծել Արցախի հարցը, որ վճռական նշանակություն ունի ժողովրդի կարծիքը։ Փաշինյանը նաև կրկնեց, որ ինքը պատրաստ է բանակցել Հայաստանի անունից և լիազորված չէ բանակցել Արցախի անունից։