Հրանտ Մելքումյանը հավասարվում է Լեւոն Արոնյանին
Բրիտանական Մեն կղզում շարունակվող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի շախմատիստուհի Ալին Կաշլինսկայային: Մեր շախմատիստները վաստակել են 3-ական միավոր եւ այժմ կիսում են 10-36-րդ տեղերը: Նման արդյունք ունի նաեւ ամերիկահայ 18-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որն այս տուրում հաշտություն կնքեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ: Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը այս անգամ հաղթեց հնդիկ շախմատիստ Ռաջա Հարշիտին, վաստակեց 2,5 միավոր եւ բարելավեց մրցաշարային գործերը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա բելառուսցի Վլադիսլավ Կովալեւի հետ: Հրանտ Մելքումյանին մրցակից է բաժին հասել ամերիկացի հանրահայտ շախմատիստ Վեսլի Սոն: Սամուել Սեւյանը ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: