Միհրան Ջաբուրյանը կպայքարի աշխարհի բրոնզե մեդալի համար
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները: Ավաղ, մրցումների առաջին երկու օրերի ընթացքում մեր ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել նախնական բոլոր արգելքները և հասնել եզրափակիչ: Սակայն Միհրան Ջաբուրյանը (57 կգ քաշային կարգ) կմրցի բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ եւ նրան սփոփիչ մրցաշարում մասնակցելու շանս է տվել: Այսօր հայ ըմբիշն առաջինը կհանդիպի կուբացի Անդրեու Օրտեգայի հետ: Մրցումների երրորդ օրը պայքարը կսկսեն մեր երկու ըմբիշները՝ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը: հուսանք, որ նրանք ավելի վստահ հանդես կգան եւ կհաղթահարեն նախնական փուլի բոլոր արգելքները: