ԵՊՀ-ում բացվեց չինագիտության կենտրոն
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն հյուրընկալեց Չինաստանից ժամանած
պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի հասարակական գիտությունների
ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլոնը, ԵՊՀ գիտական քաղաքականության և
միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև
Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններն
ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և որոշ մանրամասներ ներկայացրեց բուհի
պատմության, միջազգային և գիտական քաղաքականության ոլորտի վերաբերյալ:
Խան Դաչուանը նշեց, որ պատվիրակության անդամներն առաջին անգամ են այցելում
Հայաստան, սակայն մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայաստանի և
մասնավորապես ԵՊՀ-ի հետ գործնական կապերի հաստատմանն ու զարգացմանը միտված
կարևոր առաքելությանը:
«Հայտնի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնել է
աշխարհագրական բավականին մեծ մասշտաբ ընդգրկող «Մեկ գոտի, մեկ ուղի»
նախագիծը, որի ակտիվ գործընկերիների շարքում է նաև Հայաստանը: Ուստի մեզ
համար շատ կարևոր են պետության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող
Երևանի պետական համալսարանի հետ արդյուանվետ փոխգործակցության ծավալումն ու
դինամիկ զարգացումը»,- ասաց Խան Դաչուանը և հավելեց, որ ԵՊՀ չինագիտության
կենտրոնի գործունեությունն էլ ավելի նպաստի հայ-չինական դարավոր
համագործակցության զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ հայ երիտասարդները հատկապես վերջին տարիների
ընթացքում սկսել են մեծ ուշադրություն ու հետաքրքրություն ցուցաբերել
չինական մշակույթի, լեզվի ու ընդհանրապես Չինաստանի հանդեպ, ուստի ԵՊՀ-ն
պատրաստակամ է աջակցելու Հայաստանում չինագիտության տարածմանն ու
ընդլայնմանը:
Քննարկումների ընթացքում կողմերը նախնական նամաձայնություն ձեռք բերեցին
առաջիկա համատեղ ծրագրերի շրջանակում ընդգրկել մի շարք միջոցառումներ՝
ուսանողների և երիտասարդ դասախոսների փոխանակում, երկու երկրների դարավոր
մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հետազոտություններ և
այլն:
Այնուհետև հյուրերը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին
ուսանողների հետ, ներակայացրին հայ-չինական հարաբերությունների զարգացման
միտումները, առաջիկա ծրագրերը, Չինաստանի հասարակական գիտությունների
ակադեմիայի գործունեությունը, ԵՊՀ չինագիտության կենտրոնի նպատակները:
Հանդիպումներից հետո Չինաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵՊՀ
արևելագիտության ֆակուլտետում Չինաստանի հասարակական գիտությունների
ակադեմիայի աջակցությամբ ստեղծված չինագիտության կենտրոնի բացման
հանդիսավոր արարողությանը:
Հավելենք, որ ԵՊՀ չինագիտության կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել
հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը: Կենտրոնում
ուսումնասիրություններ են իրականացվելու Չինաստանի պատմության և
քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվելու են միջազգային
գիտաժողովներ, գիտական քննարկումներ ու հանդիպումներ: Այն նաև ծառայելու է
որպես ռեսուրսային կենտրոն չինագիտություն ուսումնասիրողների համար:
Միջոցառումների շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց
««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական
համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը:
ԵՊՀ