Թավշյա հեղափոխությունը տպավորել է եվրոպացիներին
Առանց բռնության թավշյա հեղափոխությունը տպավորել է եվրոպացիներին եւ նրանք հույս ունեն, որ մնացած գործընթացները կշարունակվեն նույն ոգով. «Ձեր երկրում փոփոխությունները կարող են լինել նոր գաղափարներ ունեցող մարդկանց շնորհիվ, որոնք համատեղել են ողջ ժողովրդի շահերը»,- ասում է գերմանական «Ցայտ» հիմնադրամի նախագահ Մայքլ Գյորինգը։ Ըստ նրա՝ Եվրոպայում հայաստանյան իրադարձություններին մեծ ուշադրությամբ են հետևում՝ հուսալով, որ Հայաստանն առաջ կշարժվի բացառապես ժողովրդավարական և տնտեսական հավասար մրցակցության պայմաններում։ Իհարկե, նա չի բացառում, որ խնդիրներ լինեն։ Ամենազարգացած եվրոպական երկրներում էլ, ինչպես օրինակ՝ Գերմանիան է, Ֆրանսիան եւ Իտալիան, ժամանակ առ ժամանակ ծագում են ժողովրդավարության ոչ հարիր իրավիճակներ. «Կան ուժեր, որոնք այսօր այդքան էլ հետաքրքրված չեն ժողովրդավարությամբ, նրանք մտածում են, որ շատ խնդիրներ կարելի է լուծել պոպուլիզմով, ազգայնական շարժումներով, նրանք բաց հասարակությանն այլևս չեն հավատում, ես չեմ կարծում, որ այս մոտեցումները խնդիրներ կլուծեն», - ընդգծում է «Ցայտ» հիմնադրամի նախագահը։ Նա Հայաստանում էր՝ «Ազատ մամուլ 2018թ» մրցանակաբաշխության շրջանակներում , որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում։ Մրցանակաբաշխությունը անցկացրին Նորվեգական The Fritt Ord եւ գերմանական ZEIT հիմնադրամները Ժյուրին, որի կազմում տարբեր երկրներից հայտնի լրագրողներ եւ իրավապաշտպաններ են, այս տարի հաղթող էր ճանաչել երեք լրատվամիջոցների՝ վրացական «Չայխանա»-ին , ռուսական «Ֆոնտանկա»-ին եւ բելառուսական «Պարտիզան» -ին։ Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին: