A
A
«Բեզոարյան այծերի», «Նորավանքի» և «Կաքավների» արահետները բարեկարգվել են
Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (BarevTrails) էկոտուրիստական ծրագրի երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ «Արփա» (նախկինում «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտում։ Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները կատարել են հետևյալ աշխատանքները․
- բարեկարգել են «Բեզոարյան այծերի», «Նորավանքի» և «Կաքավների» անունները կրող արահետները,
- կառուցել են կամուրջ և բեզոարյան այծերի դիտակետ,
- տարածքում տեղադրել են բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 32 ցուցանակ,
- արահետների գլխամասերում տեղադրել են տեղեկատվական 4 փայտյա կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,
- իրականացրել են արահետի ամբողջական գծանշում էկոլոգիապես մաքուր ներկերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
- արահետի դժվարանցանելի մասերում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,
- «Արենի համայնքային կենտրոնի» ճեմասրահը նկարազարդել են վայրի բնության որմնապատկերով՝ համայնքի բնակիչների բնապահպանական տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
WWF Հայաստանի հանրային կապերի և համագործակցության բաժին