Էդուարդ Շարմազանով. «Բանակցություն չի եղել. վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին».Առավոտ (տեսանյութ)
«Հիմնականում այդքան էլ բանակցություններ չէին, որքան վարչապետն եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին: Բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, մեկը մյուսին լսելու ցանկություն»,- Ն. Փաշինյանի հետ բանակցությունների ավարտից հետո դրանց արդյունքների վերաբերյալ Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեմ առ դեմ խոսակցություն չի եղել: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ խմբակցությունների, կառավարության ներկայացուցիչներ, տարբեր հարցեր եւ առաջարկներ են հնչել. «Գլոբալ առումով որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Մի պայմանավորվածություն ենք ձեռք բերել. բոլորս էլ, կոնկրետ մենք`պատգամավորներս, մտահոգված ենք իրավիճակով եւ մեր թիմի նպատակն է`երկիրը չտանել ցնցումների: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ԱԺ-ի` որպես օրենսդիր մարմին, անկախությունը պետք է ապահովվի»: Հարցին`վարչապե՞տն էլ ուներ այդ մտահոգությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն վարչապետը հիմա խոսում է, ինքն իր փոխարեն կխոսի»: Նա վերահաստատեց`արտահերթ նիստով ընդունված ԱԺ կանոնակարգ- օրենքը որեւէ կապ չունի արտահերթ ընտրությունների սահմանափակման հետ, այլ նպատակ ուներ ԱԺ-ի բնականոն աշխատանքն ապահովելու: Ինքը թեեւ դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, հետեւաբար նաեւ արտահերթ ընտրություններին, բայց ՀՀԿ-ն վարչապետին հնարավորություն տվել է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/03/984888/