Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԻՐԱՆ ԿԲԱԺԱՆԵՆ

Մշակույթ

Հուլիսի 9-ին Երեւանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնը:

«Մենք փառատոնին ցանկացել ենք ցուցադրել այնպիսի ֆիլմեր, որոնք չեն ցուցադրվել «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոնների էկրանին: Մեր ներկայացրած ֆիլմերը շոու բիզնեսի կամ զբաղմունքային ֆիլմերի փառատոն չի, այլ կինոարվեստի զարգացման եւ կինոմտածողության ռեժիսորական մարաթոն է»,- ասաց «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Ըստ նրա ՝ նախորդ տարիներին փառատոնում ցուցադրվում էին թե լավ, թե վատ ֆիլմերը, քանի որ ֆիլմերի թիվը շատ սահմանափակ էր: Այս տարի ներկայացված 60 ֆիլմերից ընտրվել է միայն 16-ը, այսինքն ընտրության հնարավորություն է ընձեռնվել:

«Ոսկե ծիրան»-ի մասնաճյուղերն են բացվել Գյումրիում, Շուշիում եւ Լոս Անջելեսում, շուտով մասնաճյուղ կբացվի նաեւ Ջավախքում:

Արդեն «Ոսկե ծիրան»-ը պտուղ է տվել: «Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ ռեժիսորները, գալով փառատոնին, ճանաչում են Հայաստանը, սիրահարվում: Սակայն մեկնելով, նորից հետ են վերադառնում եւ ֆիլմ նկարում»,- ասում է նա:

Հարություն Խաչատրյանը «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ հայ կինոյի վիճակին. «Մեր արվեստագետները սովոր են ծուլության, նրանք ուզում են, որ կառավարությունը փող տրամադրի, մինչդեռ դրսում պետք է փնտրել այդ փողերը»:

Հարություն Խաչատրյանը իրավունք չունի իր ֆիլմերը ներկայացնել փառատոնին, ուստի, իր բառերով` «մի կերպ պետք է դիմանա»:

«Ոսկե ծիրան» երեւանյան 4-րդ միջազգային կինոփառատոնի բացումը այս տարի եւս կկատարվի ծիրանօրհնեքով: «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում մեծ բեմ է լինելու եւ ծիրան է բաժանվելու:

«Ինչքան էլ չլինի` Հայաստանում 100-ից 200 կիլոգրամ ծիրան կճարվի»,- եզրափակեց «Ոսկե ծիրան» երեւանյան 4-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: