Վարչապետը շեղեց ընտրությունների իրական ընթացքը. ՀՅԴ թեկնածու (տեսանյութ)
ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը քվեարկեց 9/45 տեղամասում։ «Քվեարկեցի հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, հանուն երևանցու միասնականության ու համերաշխության»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թեկնածուն: Միքայել Մանուկյանը քարոզարշավի ընթացքը բավարար է գնահատում: «Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը և ավելի գնաց դեպի համապետական կամ վարչապետին սատարելու։ Վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից ընտրությունների ընթացքը շեղեց ։ Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է»: Հարցին, թե իրենց թիմի նկատմամբ որևէ ճնշում, հակաքարոզչություն եղե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ, թիրախավորումներ եղել են ի սկզբանե դեպի մեզ, բայց ում կողմից, որ քաղաքական ուժի կողմից, հայտնի չէ: Երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ թեկնածուն ինքն է, ինչ-որ պատմություններ են հիշել, որ իր հետ ընդհանրապես կապ չուներ, մի պահ ասացին, որ ես իբր ընտրապայքարից դուրս է եկել»։ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրակաշառքի դեպքերի հետ կապված իր բացատրությունն ունի: «Ըստ հավաստի լուրերի, ոստիկանությունը չի կարող նման ստուգումներ անել, պետք էր պրոֆեսիոնալ գործել, գնալ շրջապատել ընտրատեղամասը եւ վերջում ասել ոչինչ չգտանք, ճիշտ չէ»,-ասաց նա: