Մենք սպիտակ ուժերի հետ ենք. «Հայք» կուսակցության թեկնածու (տեսանյութ)
Հայ ժողովուրդը քրիստոնյա է եղել նաև քրիստոնեությունից առաջ, իսկ Երևան քաղաքը պետք է լինի քրիստոնեական արժեքների կենտրոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես խոսեց «Հայք» կուսակցության Երևանի ավագանու 2-րդ համարի թեկնածու Հրաչյա Սարգսյանը: Ըստ նրա՝ Երևանը համայն հայության և ինչ-որ չափով նաև մարդկության մայրաքաղաքն է: «Հայերը իրենց մեջ կրել են քրիստոնեական արժեքները մինչ քրիստոնեությունը: Մենք հայտարարում ենք, որ Երևանը սիրո եւ համերաշխության մայրաքաղաք է: Երևան քաղաքը պետք է լինի արժեքների կենտրոն»,- ասաց թեկնածուն: Հրաչյա Սարգսյանը նշում է նաև, որ «Հայք» կուսակցության շատ անդամներ կուսակցական չեն և նույնն առաջարկում է ավագանու մյուս թեկնածուներին։ Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին՝ Հրաչյա Սարգսյանը ասում է, որ լավ կլիներ, եթե վարչապետը չմասնակցեր քարոզարշավին. «Պարոն Փաշինյանը մեծ վարկանիշ ունի, ինչին արժանի է իր ապրած կյանքով։ Ես հորդորեցի նրան, ասելով, որ թողնենք ազատ ընտրություն տեղի ունենա։ Եթե չկա շարժիչ ուժը, ընտրակաշառք ասածը, մարդիկ ընտրելու են ճիշտը։ Եթե մենք ազատ թողնենք, կշահի քաղաքը, կշահի երկիրը» Միևնույն ժամանակ Հրաչյա Սարգսյանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանին ընկալում են որպես սպիտակ ուժ և իրենք սպիտակ ուժերի հետ են։ Ավելին՝ տեսանյութով