Քրաուդսորսինգ. ՀՀ-ում ստեղծվել է նոր հարթակ՝ գաղափարները զարգացնելու համար (տեսանյութ)
Հայաստանում առաջին քրաուդսորսինգային հարթակ է ստեղծվել՝ Armstarter: Այն Հայաստանին ու Սփյուռքին ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող նախագծերի ստեղծման, քննարկման և աջակցության անվճար առցանց հարթակ է: «Հարթակն անհատների համար է, օրինակ՝ Քարահունջում բնակվող մեկն ունի հետաքրքիր գաղափար, սակայն չունի միջոցներ, չի պատկերացնում, թե որքանով իրատեսական կլինի այդ գաղափարը, գուցե նրան խորհրդատվություն է պետք, Armstarter-ը հնարավորություն է տալիս այդ գաղափարը հանել քննարկման և գուցե գտնել լավ մասնագետներ, գուցե միջոցներ հայթայթել: Շատ բազմակողմանի օգնություն է տրամադրում հարթակը, բայց ուղղակիորեն չի ֆինանսավորում որևէ նախագիծ, այլ օգնում է հնարավորինս շատ մարդկանց պատմել գաղափարի մասին», - «Ա1+»-ին ասաց Armstarter-ի հայաստանյան ներկայացուցիչ Գոհար Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ հարթակում նախագիծ բացելուց հետո կարևոր է չմոռանալ դրա մասին, համոզված լինելով, որ իր փոխարեն հարթակը բոլոր հարցերը կլուծի, այլ հեղինակը պետք է պատմի իր ծանոթներին, ընկերներին այդ նախագծի մասին, գաղափարն տարածի սոցցանցերով, այսինքն՝ նախագիծը հանրայնացնելով զբաղվում է ոչ միայն հարթակը: Սկզբնական փուլում հարթակը պետք է քրաուդֆանդինգային լիներ, այսինքն՝ մեծ թվով անձանցից որևէ նախագծի ֆինանսավորման համար գումար հայթայթելու հարթակ, սակայն Հայաստանում ֆինանսական համակարգի խնդիրներից ելնելով, որոշվեց ստեղծել քրաուդսորսինգային հարթակ: Քրաուդսորսինգն ի տարբերություն քրաուդֆանդինգի, հնարավորություն է տալիս ոչ միայն ֆինանսավորվել հանրության կողմից, այլ օգտագործել հարթակի մի շարք ռեսուրսներ՝ տարածում, հանրայնացում, աջակցություն, քննարկում, խորհրդատվություն և այլն: Մարտիրոսյանի խոսքով, դարձյալ կարելի է միջոցներ հավաքել, բայց ֆինանսական կողմը լուծում է նախագծի հեղինակը՝ տրամադրելով օրինակ հաշվեհամար, որին կարելի է հանգանակություններ անել: Գոյություն ունեցող որոշ խնդիրներ հանգանակություններն ուղղակիորեն ընդունելու և ավելի լայն աշխատելու հնարավորություն չեն տալիս: «Նախ և առաջ, դա մեր ֆինանսական, բանկային համարկարգն է, ամբողջ աշխարհում կա էքվայրինգ հասկացությունը, որը վճարային մեթոդ է և հնարավորություն է տալիս տարբեր վճարային համակարգերով մի տեղ հավաքել միջոցներ, հեշտացնում է գումարների հանգանակումը, իսկ Հայաստանում մի քանի բանկ է միայն առաջարկում այդ ծառայությունը, այն էլ դեռ սաղմնային ձևով, բացի այդ՝ պետք է Հայաստան բերել օնլայն վճարման խոշոր համակարգեր, օրինակ Paypal-ը: Այդ համակարգի՝ Հայաստանում չաշխատելու հիմնավորումներից է այն, որ շուկան փոքր է և ոչ ձեռնտու, իսկ ֆինանասական համակարգը բավականաչափ թափանցիկ չէ», - ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո արժե կրկին դիմել Paypal-ին: Անել որոշ քայլեր ֆինանսական համակարգի արդիականացման և թափանցիկացման ուղղությամբ: Իսկ մինչ այդ, նախագիծն իր առաջին քայլերն է անում: Հարթակում կարող է տեղադրվել ցանկացած հետաքրքիր գաղափար, խնդիր, նախաձեռնություն, հնարավորություն, որի մասին դուք ցանկանում եք պատմել մարդկանց: Armstarter-ը չի տեղադրում այնպիսի նախագծեր, որոնց հիմնական նպատակն է ապրանքների և ծառայությունների վաճառքը և գովազդը, զուտ անձնական նպատակների, այդ թվում, բուժման և ուսման նպատակով դրամահավաքը: