Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները. ՀՔԾ պետ (տեսանյութ)
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոր բացահայտում արեց ՀՀ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հետ կապված: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, ունենք հստակ ապացույցներ: Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար»: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե արդեն ունենք զոհեր՝ հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է: «Այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր: Այս իսկ պատճառով չէինք հրապարակում»: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոր մանրամասներ հայտնեց «Մարտի 1»-ի գործի քննությունից: Ըստ նրա՝ այն հիմնավորումները, թե բանակը չի մասնակցել «Մարտի 1»-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի հիմնավոր չեն, քանի որ իրենք քննությամբ հիմնավորել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի իրադարձություներին, այլ բանակը կրակել է, կրակել է մարդկանց բնակարաների ուղղությամբ: «Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի պատշգամբների ուղղությամբ, որտեղից վառվող շիշ է նետվել»,-ասաց նա: Սասուն Խաչատրյանը նշեց, որ ինքը ցանկանում է նոր բացահայտում անել, որը թեև չէր ցանկանում անել, բայց այսօրվա առիթի դեպքում ասում է՝ հասարակությունը պետք է իմանա, ինչ է տեղի ունեցել: «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է, որ Երևանում պետք է հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի, և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, և արդյունքում եղել է նաև դիվերսիա. սա նույնպես ապացուցված է քրեական գործում: Այսինքն՝ այն ազդել է բանակի մարտունակության վրա»,-ասաց նա: ՀՔԾ պետը շարունակեց. «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր զինվորներին վարձկաններ սարքելն է, որը քրեական գործով հիմնավորվել է»,-ասաց նա և ներկայացեց այդ մասին ապացուցող բնօրինակ փաստաթղթերը: «Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, բանկի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը: Մատյանը առգրավվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ հատ- հատ նշված են այն զինծառայողները, և գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհրապարակենք հետագայում: Ես չգիտեմ՝ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպես են բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,-ասաց նա: Իսկ թե կարող են այդ օլիգարխների անունները տալ, ասաց, որ ոչ, հետագայում կտա: «Նշեմ, որ փախչե՞ն»,-ասաց նա: