Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԾՆՎԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՑՈԳՈԼՆԵՐ

Մշակույթ

Հուլիսի 9-14 անցկացվող «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կխորհրդանշի ոչ թե հայկական ծիրանը կամ հացին քսված ծիրանի ջեմը, այլ չորսթեւանի` թիկունքով կանգնած Չարլի Չապլինը: Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ փառատոնի ցուցապաստառն ամեն տարի փոփոխվում է, եւ այս տարի որոշել են «ծիրանի ջեմից հեռանալ դեպի կինեմատոգրաֆիա»: «Դա երեւի նրանից է, որ այս տարի ծիրանը քիչ է լինելու, իսկ Չապլինի չորս թեւը խորհրդանշում են մեր փառատոնի 4-ամյակը»,- ժպիտով ավելացրեց Խաչատրյանը: Փառատոնին այս տարի շատ քիչ փոփոխություններ են սպասվում՝ բացման արարողությունն ինչպես միշտ տեղի կունենա Շառլ Ազանավուրի անվան հրապարակում՝ Ծիրանօրհներքի արարողությամբ: Կինոփառատոնը կբացի Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արատույտների ագարակը» ֆիլմը:

Փառատոնին կներկայացվեն 22 վավերագրական եւ 5 նոր հայկական ֆիլմեր: Վերջիններս, ի դեպ, ներկայացված են «Նոր հայկական կինո» փառատոնի նորաստեղծ խորագրի ներքո, որը նպատակ ունի ծառայելու Հայաստանում նկարահանվող ազգային կինոյի քարոզչությանը միջազգային կինոշուկայում: «Չարագուշակներն ասում էին, թե հայկական կինոն մահացել է, սակայն նրանք այդպես էլ չարագուշակ մնացին: Դա է վկայում նաեւ այս խորագիրը: Ի դեպ, միջազգային կինոգետները «Ոսկե ծիրան»-ին գալիս են նայելու հենց հայկական ֆիլմերը»,- ասում է Հարություն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այս տարի փառատոնին առաջին անգամ ներկա կլինեն մեկական ներկայացուցիչներ կինոգետների միջազգային ժյուրիից եւ Եկեղեցիների միջազգային կազմակերպությունից: Նրանք, ինչպես նշեց Խաչատրյանը, ուշադրություն են դարձնելու հատկապես հայկական ֆիլմերի՝ մարդասիրական բովանդակությանը:

Անցած տարիներին Հայաստան գալով՝ փառատոնին մասնակից ռեժիսորներից շատերը ավարտից հետո մնացել եւ ֆիլմ են նկարել, քանի որ, ըստ Խաչատրյանի, նրանք իրենց համար «հայտնաբերել են հայկական կինոն, հայկական աշխարհը»: «Այդպիսի համագործակցության երեք ֆիլմ ունենք: Կարծում են հետագայում կունենանք նաեւ մի առանձին ծրագիր, որը կկոչվի «Ոսկե ծիրան»-ի ցոգոլներ»,- ժպիտով ավելացրեց նա: Կինոփառատոնի բյուջեն նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացել է, բայց, Խաչատրյանի վստահեցմամբ՝ «10 անգամ էլ պետք է այն ավելանա, որ դառնա ամենափոքր փառատոնի բյուջեի չափ»: Պետությունը հատկացնելու է 50 մլն դրամ, մնացածը` հովանավորները:

«Սկսած Միխալկովից՝ ում ասում ենք բյուջեի չափի մասին, ոչ ոք չի հավատում: Միխալկովը մի առիթով ասաց, թե երեւի փոքր փառատոնները մեծ մարդիկ շատ են սիրում, դրա համար էլ գալիս են: Սկզբում նա կարծել է, թե ժյուրիի յուրաքանչյուր անդամին 50 հազար դոլար ենք տալիս, ինչպես Մոսկվայի փառատոնին է լինում, բայց ասացինք՝ այդքան գումար չունենք: Հետո ասաց, թե ձեր նման 3-4 միլիոնանոց փառատոններ արտասահամանցիները շատ են սիրում, մենք էլ ասացինք՝ ի՞նչ եք ասում՝ 3-4 հազար դոլար էլ չկա մեր փառատոնի բյուջեն: Նա էլ ասաց, թե հերիք է ձեր հայակական խորամանկություններով մեզ զարմացրեք»,- պատմեց Հարություն Խաչատրյանը: